ԱՐՄԱՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Արման Ղազարյանը պետական գործիչ է, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Ունի բարձրագույն իրավաբանական կրթություն (ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց)։ Պահեստազորի ավագ լեյտենանտ է։ Ամուսնացած է, ունի երեք զավակ և մեկ թոռ։
Ունի տեղական ինքնակառավարման ոլորտի ավելի քան 20 տարվա հաջողված կառավարման փորձ։ Շուրջ երկու տասնամյակ (2002-2021թթ.) անընդմեջ ղեկավարել է Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքը՝ ապահովելով դրա կենսագործունեությունն ու զարգացումը: Որպես խորհրդարանական՝ նրա առաքելությունն է իր հարուստ գործնական փորձը ծառայեցնել տարածքային կառավարման և շրջակա միջավայրի զարգացմանը։
Որպես «Հայաստան» դաշինքի թիմի անդամ՝ նրա գլխավոր նպատակն է ապահովել համայնքների համաչափ զարգացումը։ Նա քաղաքականության մեջ է՝ սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերում կյանքի որակը բարելավելու, գյուղատնտեսական խնդիրները լուծելու և սոցիալապես անապահով ընտանիքների համար պետական աջակցության կայուն երաշխիքներ ստեղծելու հստակ հանձնառությամբ։