ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆ
Ռոբերտ Քոչարյանը պետական և քաղաքական գործիչ է, Հայաստանի Հանրապետության երկրորդ և Արցախի Հանրապետության առաջին նախագահը, «Հայաստան» դաշինքի առաջնորդը։ Գերազանցությամբ ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ծառայել է խորհրդային բանակում: Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռ։
Ունի պետական կառավարման և ճգնաժամային մենեջմենթի բացառիկ և պատմական փորձառություն։ 1988-ից ակտիվորեն ներգրավվել է Արցախյան շարժմանը՝ դառնալով դրա առանցքային առաջնորդներից մեկը։ Ղարաբաղյան պատերազմի ամենածանր տարիներին գլխավորել է ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն՝ կազմակերպելով հաղթանակն ու պետականաշինությունը։ 1997-1998 թթ. եղել է ՀՀ վարչապետը։ 1998-2008 թթ․՝ որպես ՀՀ նախագահ, ապահովել է երկրի աննախադեպ տնտեսական վերելքը (երկնիշ տնտեսական աճ), լայնածավալ շինարարությունն ու ենթակառուցվածքների կապիտալ զարգացումը, ինչպես նաև Հայաստանի անվտանգությունն ու աշխարհաքաղաքական կայունությունը տարածաշրջանում։ Նրա ղեկավարման տարիները նշանավորվել են բանակի հզորացմամբ և արտաքին քաղաքական ամուր ու արժանապատիվ դիրքերով։
Որպես «Հայաստան» դաշինքի առաջնորդ՝ նրա գլխավոր նպատակն է երկիրը դուրս բերել անվտանգային խորագույն և քաղաքական ճգնաժամից։ Նա վերադարձել է ակտիվ քաղաքականություն՝ արժանապատիվ խաղաղություն հաստատելու, հանրային համերաշխությունը վերականգնելու և տնտեսական նոր թռիչք ապահովելու հստակ հանձնառությամբ։ Նրա տեսլականն է կերտել անվտանգ, ուժեղ և արարող Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի պաշտպանված է, իսկ պետական սահմանները՝ անձեռնմխելի։