Պաշտպանված Հայաստան
Մարտունակ բանակը մեր անվտանգության թիվ մեկ երաշխավորն է։ Մեր նպատակն է արդիականացնել երկրի պաշտպանական համակարգը՝ զարգացնելով ռազմավարական զսպման նոր կարողություններ։ Մենք կմշակենք նոր Ազգային անվտանգության ռազմավարություն և Զինված ուժերի զարգացման հայեցակարգ՝ կառուցելով ժամանակակից սպառնալիքներին դիմակայող ուժեղ պետություն։
Արժանապատիվ Հայաստան
Դիվանագիտությունը պետք է սպասարկի բացառապես պետության ռազմավարական նպատակներն ու հայկական շահը։ Մենք վարելու ենք արժանապատիվ և փոխլրացնող արտաքին քաղաքականություն՝ խորացնելով դաշնակցային կապերն ու ձևավորելով կանխատեսելի, վստահելի գործընկերություն բոլոր ուժային կենտրոնների հետ։
Մրցունակ Հայաստան
Ուժեղ պետության հիմքը մրցունակ և արտահանմանը միտված տնտեսությունն է։ Մեր թիրախն արդյունաբերական վերածնունդն է և տեխնոլոգիական թռիչքը։ Մենք կստեղծենք բարենպաստ հարկային ու ներդրումային միջավայր, որտեղ բիզնեսը կզարգանա, իսկ «Արտադրված է Հայաստանում» պիտակը կդառնա բարձր որակի համաշխարհային երաշխիք։
Արարող Հայաստան
Պետությունը պետք է դառնա գյուղացու կայուն եկամուտն ապահովող և ռիսկերը նվազեցնող գլխավոր գործընկերը։ Մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, բարձրարժեք գյուղատնտեսություն՝ հողի աշխատավորին տրամադրելով մատչելի վարկեր, երաշխավորված մթերում և գործուն ապահովագրական պաշտպանություն։
Արդար Հայաստան
Մենք մերժում ենք ուժի իրավունքը և երկրում վերականգնելու ենք իրավունքի գերակայությունն ու սահմանադրական կարգը։ Կառուցելու ենք արդար և թափանցիկ պետություն, որտեղ դատական համակարգն իսկապես անկախ է, իսկ պետական կառավարումը հիմնված է բացառապես պրոֆեսիոնալիզմի վրա։
Հոգատար Հայաստան
Իրական սոցիալական պետության կենտրոնում մարդն է։ Մենք երաշխավորելու ենք արժանապատիվ կենսամակարդակ, բարձր թոշակներ ու աշխատավարձեր և որակյալ առողջապահություն՝ բոլորի համար։ Պետությունն իր առանձնահատուկ հոգածության ներքո է առնելու նորաստեղծ և բազմազավակ ընտանիքներին՝ խթանելով ժողովրդագրական աճը։
Կենսունակ Հայաստան
Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանային անվտանգ և ինքնիշխան տարանցիկ հանգույց։ Մեր ռազմավարությունն է՝ կառուցել նոր ատոմակայան, արդիականացնել ճանապարհային ու ջրային ցանցերը և ապաշրջափակել կապուղիները՝ մեր պետության ինքնիշխանության և փոխադարձության սկզբունքների անշեղ պահպանմամբ։
Առաջադեմ, կրթված ու մշակութային Հայաստան
Ազգային առաջընթացի հիմքը գիտելիքահենք հասարակությունն է։ Մենք ապահովելու ենք ազգային արժեքների վրա խարսխված մատչելի կրթություն, առաջանցիկ գիտություն և մշակութային վերածնունդ՝ պետության գործուն հոգածությամբ արժևորելով ուսուցչի, գիտնականի և ստեղծագործողի աշխատանքը։
Միասնական Հայկական Աշխարհ
Հայաստանը աշխարհասփյուռ հայության անվտանգ և հարազատ տունն է։ Առաջնորդվելով «Մեկ ազգ, մեկ ճակատագիր» սկզբունքով՝ մենք ինստիտուցիոնալ նոր մակարդակի կբարձրացնենք Հայաստան-Սփյուռք կապը՝ խթանելով հայրենադարձությունն ու համահայկական ներուժի լիարժեք ներգրավումը մեր երկրի զարգացման գործում։
Մարդակենտրոն Երեվան
Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ և մարդակենտրոն քաղաք։ Մենք նախաձեռնելու ենք տրանսպորտային ու ճանապարհաշինական հեղափոխություն՝ վերջ դնելով խցանումներին, ապահովելով արժանապատիվ հանրային տրանսպորտ և շնչող միջավայր յուրաքանչյուր երևանցու համար։
Առողջ ևվ Սթափ Հասարակություն
Մենք հայտարարում ենք զրո հանդուրժողականություն՝ ազգային անվտանգությանն ու հանրային առողջությանը սպառնացող այս չարիքների դեմ։ Քրեական խիստ պատիժներով, թվային կոշտ վերահսկողությամբ և գովազդի տոտալ արգելքով՝ մենք մեր հասարակությունից արմատախիլ ենք անելու թմրամոլությունն ու խաղամոլությունը։