Назад

Իրինա Գասպարյան

Ծնվել է 1961 թվականի հուլիսի 6-ին, Երևան քաղաքում: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի (ԵրՊԻ) մեքենաշինական ֆակուլտետը, մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությամբ: 1996 թ-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) մագիստրատուրան «Մեքենաշինական» մասնագիտությամբ։ Նույն մասնագիտությամբ 1999 թ-ին ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) ասպիրանտուրան։ 1998թ.-ից առ այսօր Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (ՀՊՃՀ) «Մեխանիկա և մեքենագիտություն» ֆակուլտետում զբաղեցնում է ասիստենտի և գիտական աշխատողի պաշտոնը: 2015 -2020 թթ․ ընդունվել և ավարտել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 

Իրինա Գասպարյանը ընդգրկվել է ասորական շարժման մեջ 1994 թվականից։ 1997 թվականից նա իրականացրել է սեփական ծրագրերը և ունի մեծ ներդրում ասորական համայնքի զարգացման մեջ, և այդ գործունեությունն իրականացնելու նպատակով՝ նույն թվականին ստեղծվել է «Աշուր ասորական երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ ՀՀ ԿԳ նախարարությանը կից ստեղծվել է սեմիտական լեզուների մեթոդական խումբ, որում ասորերեն լեզվի մասով առ այսօր ղեկավարում է Իրինա Գասպարյանը։ Անցել է միջազգային բազմաթիվ կրթական թրենինգներ:

Արժանացել է տարբեր պատվոգրերի և շնորակալագրերի։ Բազում հոդվածների և զեկույցների հեղինակ է՝ նվիրված մարդու իրավունքների պաշտպանությանը, ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը, ասորական խնդիրներին և այլն։ Ակտիվ մասնակցում է օրենսդրական նախագծերի մշակմանը և հանդես է գալիս օրենսդրական առաջարկներով։

2010 թվականին Իրինա Գասպարյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է շնորհակալագրով «Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ազգային – մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի կազմում երկարամյա, արդյունավետ աշխատանքի և միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար»։

Երկու անգամ եղել է ԱԺ պատգամավորի թեկնածու։