июн 13, 2021

Ս․ Օհանյան․ Սպառնալիքները ոչ միայն Սյունիքում ու Գեղարքունիքում են, այլ կամաց-կամաց գալիս-մոտենում են Տավուշին

«Այս ապիկար իշխանության կողմից ոչ միայն մերժվեցին վերջին 30 տարվա ընթացքում ձեռք բերված բոլոր արժեքները, այլ նաև պատերազմի անգրագետ կառավարման ընթացքում մենք գնացինք պարտության»,- Նոյեմբերյանում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Այդ մարդկանց՝ ղեկին գտնվելու պատճառն է, որ Հայաստանն անընդհատ գտնվում է թելադրանքի ներքո։ Սպառնալիքները ոչ միայն Սյունիքում ու Գեղարքունիքում են, այլ կամաց-կամաց գալիս-մոտենում են Տավուշին»,- նշեց նա։

«Տարիներ առաջ, Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը, Հայաստանի ու Սփյուռքի աջակցությամբ, ստիպված էր կռվել երկու ճակատով, որովհետև բոլոր ճանապարհներն անցնում էին ադրբեջանական բնակավայրերով, որտեղ ստեղծվել էին խոշոր ռազմական հենակետեր։ Այն ժամանակ, Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ որոշում կայացվեց վնասազերծել այդ օջախները, որպեսզի հեշտ լինի կռվել մեկ ճակատով։ Հիմա, այս իշխանությունների ասելով, Տավուշի կարևոր ճանապարհները որոշ հատվածներում պետք է անցնեն Ադրբեջանին, քանի որ այդտեղ ադրբեջանական բնակվայրեր են եղել։ Եվ սա ուզում են անել առանց որևիցե պայմանի։ Մենք դա թույլ չենք տալու, որովհետև հունիսի 20-ից հետո այս իշխանությունները չեն լինելու»,- հայտարարեց Սեյրան Օհանյանը։