«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները երեկ օգոստոսի 8-ին, այցելել են Տավուշի մարզ, հանդիպել Ազատամուտ, Այգեհովիտ, Ոսկեպար, Կիրանց, Բաղանիս համայնքների բնակիչներին:
Այցը պայմանավորված էր հիմնականում մարզի մի շարք համայնքների հետ կապված մտահոգիչ տեղեկություններով: Մասնավորապես, ակտիվորեն շրջանառվում է թեզը, այդ թվում իշխանության ներկայացուցիչների կողմից, որ մարզի որոշ համայնքներ ՀՀ իշխանությունը պատրաստվում է հանձնել Ադրբեջանին և դա ներկայացնում են որպես Հայաստանում գտնվող ադրբեջանական տարածքների վերադարձ:
Տավուշցիները «Հայաստան» դաշինքի պատգամավորներին հիմնականում բարձրաձայնել են այդ մտահոգությունները, խոսել սցենարի անթույլատրելիության մասին, քանի որ այդ դեպքում, այլ խնդիրներից զատ, թշնամու վերահսկողության տակ է անցնում նաև M4 միջպետական նշանակության հայ-վրացական ճանապարհը:
Դաշինքի պատգամավորները վստահեցրել են, որ քաղաքացիների բոլոր խնդիրներն իրենց մշտական ուշադրության ներքո են, այդ թվում սակմանների հարցը, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների գրավոր ու բանավոր պայմանավորվածությունները և անելու են հնարավորը ՝ քաղացիների շահերը ամեն կերպ պաշտպանելու համար: