сен 16, 2021

«Հայաստան» խմբակցությունը հանդիպել է Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Ազգային Ժողովում «Հայաստան» խմբակցությունը հյուրընկալել է Միացյալ Թագավորության Լորդերի Պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի ղեկավարած պատվիրակությանը։

Պատվիրակության անդամները Հայաստան են այցելել՝ ծանոթանալու տիրող իրավիճակին, ինչպես նաև՝ Հայաստանի հասարակական ու քաղաքական շրջանակների հետ քննարկելու միջազգային հարթակներում Հայաստանին անհրաժեշտ աջակցության հարցեր: Պատվիրակությունը նախորդ օրն, ի դեպ, այցելել էր Սյունիքի մարզ: ​

Ողջունելով հյուրերին, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը բարձր գնահատեց բարոնուհի Քոքսի անշահախնդիր բարեկամությունն ու հայ ժողովրդին ցուցաբերած անգնահատելի աջակցությունը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Արցախի Հանրապետությունում հետպատերազմյան շրջանում տիրող քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը և հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերներն ու օժանդակության կարիքները:

Խմբակցության անդամները խնդրել են բարոնուհուն և իր գործընկերներին ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա՝ հայ ռազմագերիներին օր առաջ և առանց որևէ նախապայմանի տուն վերադարձնելու հարցում, ինչպես նաև կանխելու Արցախի գրավյալ տարածքներում հայկական հոգևոր և պատմա-մշակութային ժառանգության ոչնչացումը: Պատգամավորները նաև խնդրել են հյուրերին միջազգային հարթակներում բարձրաձայնել ադրբեջանա-թուրքական հրոսակների կողմից 44-օրյա պատերազմի ընթացքում գործած ռազմական հանցագործությունների մասին: ​Կողմերը պայմանավորվել են շարունակել և խորացնել համագործակցությունը: