окт 04, 2021

ՔՊ-ականները տապալել են ընդդիմադիրների՝ Սյունիքի հարցով հանձնաժողովի նիստ անցկացնելու նախաձեռնությունը

Այսօր ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների անդամների Սյունիքի մարզում, մասնավորապես միջպետական Գորիս-Կապան ճանապարհահատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն և բացատրություն ստանալու նպատակով նախաձեռնած արտահերթ նիստը ԱԱԾ պետի, Պաշտպանության նախարարի, Գլխավոր դատախազի, Մարդու իրավունքների պաշտպանի և ՊԵԿ նախագահի մասնակցությամբ, չի կայացել. իշխանական պատգամավորները տապալել են այն՝ չներկայանալով նիստին։

Ավելին, «ՀՀ Ազգային ժողովի  կանոնակարգ» սահմանադրական օրենքի համապատասխան հոդվածի համաձայն, հանձնաժողովի անդամների մեկ քառորդի պահանջով գումարվելիք նիստի մեկնարկից մինչև կես ժամ անց հանձնաժողովի նախագահից նախաձեռնության հեղինակ պատգամավորները գրություն են ստացել, որով արհեստականորեն և չհիմնավորված խոչընդոտվել է հանձնաժողովի նիստի կայացումը։

Եվս մեկ անգամ այս ամենով փաստվում է, որ քաղաքական մեծամասնությունը խուսափում է երկրում ստեղծված իրավիճակի համար պատասխանատու եւ հաշվետու լինելուց։ Նույն կերպ ԱԺ ղեկավարությունը խուսափեց ԱԺ նիստում ցանկացած ձևաչափով նույն հարցը քննարկելու ընդդիմության նախաձեռնությունն իրականացնելուց։