ноя 23, 2021

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ

«Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրների վերաբերյալ։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։

«Օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետևանքով այսօր hայ ժողովուրդը և հայոց պետականությունը կանգնած են լրջագույն սպառնալիքների առջև: Թուրք-ադրբեջանական շարունակվող ագրեսիան օրակարգ է բերել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման խնդիրը, որի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի և կառավարող վարչախմբի առանձին ներկայացուցիչների հայտարարությունները հակասում են հայ ժողովրդի կենսական շահերին և կարող են անկառավարելիորեն սպառնալ մեր ժողովրդի ֆիզիկական գոյությանը:

Խնդրի հրատապությամբ, ինչպես նաև Ազգային ժողովի՝ որպես առաջնային մանդատով օժտված բարձրագույն իշխանության հանգամանքով պայմանավորված, «Հայաստան» խմբակցությունը նախաձեռնել է խորհրդարանական լսումներ՝ շրջանառության մեջ դնելով սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող Ազգային ժողովի հայտարարության նախագիծ /հղումը՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=64276/:

Լսումները տեղի կունենան ՀՀ Ազգային ժողովում, ս.թ. նոյեմբերի 25-ին, ժամը 11:00-16:00-ն: Լսումներին մասնակցելու համար ցանկացողները կարող են մինչև 24.11.2021թ. ժամը 12:00-ն զանգահարել խմբակցության հեռախոսահամարին / +374-11 51 33 05 /1205/ / և ներկայացնել անձնական տվյալները», - ասվում է խմբակցության տարածած հայտարարության մեջ: