дек 31, 2021

«Հայաստան» դաշինք․ Թող 2022թ․-ը Հայոց բանակի համար լինի զորացման ու մեր սահմանների անառիկության տարի

​​«Հայաստան» դաշինքն ամփոփել է 2021 թվականը և հանդես է եկել հայտարարությամբ։  

​​«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ճանապարհում ենք 2021 թվականը։ Մեր պետականության և մեզանից յուրաքանչյուրի համար այն շարունակվող պարտության, ծանր կորուստների, երկրի ինքնիշխանությանն ուղղված ցավալի մարտահրավերների, խորացող ներքին բաժանարարների և անստույգ հեռանկարի տարի էր։

Բազմաթիվ ընտանիքներ ապրում են հարազատ որդիների ու հայրերի կորստի ցավը, հազարավորները՝ կիսում կորսված հայրենի տան ու փախստականի ճակատագիրը։ Մենք միասին հնարավորություն ունենք այդ անպատվաբեր ու նվաստացուցիչ ընթացքը կասեցնելու, ուղղելու մեր պետականության խաթարված ողնաշարը, վերագտնելու մեր արժանապատվությունն ու ամրացած ոգով կանգնեցնելու պարտությունների կործանարար շղթան։ Մեր հավաքական պայքարն առայժմ համեստ ձեռքբերումներով է նշանավորվել, բայց մեր ժողովրդի պատմական իղձերը կյանքի կոչելու մեր հանձնառությունն աննահանջ է։

Շնորհավորում ենք բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Մաղթում ենք, որ յուրաքանչյուր հայի ընտանիքում թևածի սիրո, խաղաղության, հարգանքի, հոգատարության ու բարեկեցության մթնոլորտը, որ մեր մայրերի և մանուկների աչքերում միայն երջանկության արցունքներ լինեն։

Թող 2022թ․-ը Հայոց բանակի համար լինի զորացման ու մեր սահմանների անառիկության տարի։ Նոր Տարում նոր կորովով և ազգային միասնականությամբ լծվենք մեր պետականությունը պաշտպանելու և ամրացնելու, մեր Հայրենիքի վերընձյուղման գործին։

Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ», - ասվում է հայտարարության մեջ: