Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի․ ապրիլի 5-ին ընդդիմությունը հանրահավաք է հրավիրում
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով քաղաքացիներին մասնակցել հանրահավաքի՝ հանուն Հայաստանի և Արցախի։
«Ծանր վիճակում է Հայրենիքը, ծանր վիճակում ենք բոլորս։ Այս իշխանությունը պատրաստ է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Այս իշխանությունը կատարում է թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։
Պարտված ու անկարող գործող խմբակը միայն մեկ նպատակ ունի՝ երկարաձգել իր իշխանությունը։ Նրանք վտանգում են մեր պետականությունը, մեր ապագան, մեր կյանքը։ Ժողովրդի գլխին կախված նոր սպառնալիքները մտնելու են յուրաքանչյուր տուն, յուրաքանչյուր ընտանիք։ Այս ընթացքը պետք է կասեցնել։
Արցախի կողքին կանգնելով՝ պարտավոր ենք փրկել մեր արժանապատվությունը, մեր հայրենիքը, մեր ապագան։ Մեզ բերել են մի սահմանի, որից այն կողմ ազգային անդառնալի նվաստացումն է և ինքնիշխանության կորուստը։
Հարգելի’ հայրենակիցներ, ապրիլի 5-ին, ժամը 18.30-ին բոլորս միասին, անկախ մեր քաղաքական հայացքներից և կուսակցական պատկանելիությունից հավաքվենք «Ազատության» հրապարակում։
Դիմում ենք բոլորին, կուսակցություններին և անհատներին, մտավորականությանը և հասարակական կազմակերպություններին, հայաստանցիներին, արցախահայությանը և Սփուռքին: Կանգնենք կողք-կողքի, միասին ներկայացնենք մեր պահանջները։ Ապացուցենք, որ հայ մարդը կամք ու վճռականություն ունի։
Պաշտպանելով Արցախը՝ պաշտպանենք Հայաստանը։ Պաշտպանենք մեզ և մեր երեխաներին։ Ապրիլի 5, 18.30, «Ազատության» հրապարակ», - նշվում է հայտարարության մեջ։