«Հայաստան»․ Բացահայտվեց Արցախը հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը
«Հայաստան» խմբկացության պատգամավորներին թույլ չեն տվել մուտք գործել Արցախի Հանրապետություն։ Կատարվածի վերաբերյալ խմբակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․
«Այս պահին տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական հանցավոր պայմանավորվածության գաղտնազերծումը։
Վերջիններս շատ արագ և միաժամանակ արձագանքեցին ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավորների հայտարարությանը, որ մեկնում ենք Արցախ և անցակետին փոխանցեցին Արցախ մեկնող քաղաքական գործիչների անունները՝ պահանջելով թույլ չտալ մեր մուտքը Արցախ։
Բացահայտվեց Արցախը մեկուսացնելու, այնուհետև հայաթափելու դավադիր գործարքի հերթական փաստը: Հատկանշական է, որ մեր այցի հետ կապված Ադրբեջանի և ՀՀ օրվա իշխանությունների արձագանքը նույնական էր և փոխլրացնող:
Տեղեկացնենք, որ Արցախի խորհրդարանական բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ մեր հանդիպումն ամեն դեպքում կայացավ՝ Աղավնոյի անցակետում:
Մենք միասնական ու վճռական ենք Արցախի և Հայաստանի դեմ իրականացվող քաղաքականությունը վիժեցնելու և մեր երկրի շահերին տեր կանգնելու հարցում»: