авг 03, 2022

«Հայաստան» դաշինք․ Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն ողբերգության 8-րդ տարելիցը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել Իրաքում սպանված եզդիների հիշատակի օրվա առիթով, որտեղ, մասնավորապես, ասվում է․ «Օգոստոսի 3-ին ողջ աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի օգոստոսի 3-ին Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին:

Հայաստանաբնակ եզդի մեր քույրերի և եղբայրների հետ հիշատակում ենք մարդկային մեծագույն այդ ողբերգության 8-րդ տարելիցը: 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց Ցեղասպանության օրերին նույն ճակատագրին արժանացած եզդի ժողովուրդը ենթարկվեց բազում զրկանքների ու փորձությունների, բայց կարողացավ համառորեն պահպանել իր ինքնությունն ու մշակույթը:

Հայաստանի Հանրապետությունում տասնամյակներ շարունակ բարեկեցիկ կյանքով, պաշտպանված կրթական, մշակութային համակարգով եզդի մեծաթիվ համայնքը չէր կարող անտարբեր մնալ իր ազգակիցների նկատմամբ գործադրված նոր ոճրագործության հանդեպ:

Վերքերը դեռ չեն սպիացել, վտանգը չի վերացել: Տակավին հարկ է դրսևորել կամք, վճռականություն, միասնականություն՝ ազգային ինքնության պահպանման ու վերընձյուղման համար»: