Հայտարարություն․ Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության խորհրդանիշով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել խորհրդարանական գործունեության վերաբերյալ, որտեղ ասվում է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Խորհրդարանական մեկամյա գործունեության փորձը ցույց է տվել, որ գործադիր իշխանությունը և իր կցորդ խորհրդարանական մեծամասնությունը, խախտելով Սահմանադրությունն ու օրենքները՝ տապալում են Ազգային ժողովի բնականոն աշխատանքը:
Անվտանգության լրջագույն սպառնալիքներն անտեսելով՝ գործող իշխանություններն Ազգային ժողովին պարտադրում են Հայաստանին և Արցախին պատուհասած անմիջական վտանգներին անհաղորդ օրակարգեր: Ավելին՝ ՔՊ-ի կողմից ԱԺ կանոնակարգի կոպտագույն խախտումները, նիստերի վարման միջազգային ստանդարտների անտեսումը, և մեծամասնության լիազորությունների ակնհայտ չարաշահումները ապալեգիտիմացնում են խորհրդարանի՝ որպես առաջնային մանդատ ունեցող ներկայացուցչական մարմնի գործունեությունը:
Այս պայմաններում՝ ապօրինություններով գործող խորհրդարանական մեծամասնության դեմ պայքարում շարունակելու ենք կիրառել միջազգային պրակտիկայում ընդունված քաղաքական բոյկոտի գործիքը, այն է՝ չենք մասնակցելու ոչ առաջնային, հաճախ էլ արհեստական օրակարգերով լեցուն ԱԺ և նրա հանձնաժողովների նիստերին։
Ինչպես բազմիցս հայտարարել ենք, խորհրդարանական նիստերին մեր մասնակցությունը պայմանավորված է հանրային աջակցություն ստացած օրակարգերի առաջմղմամբ, այն է՝
– Հայաստանի ու Արցախի անվտանգությունը,
– օրվա իշխանությունների պաշտոնանկությունը
- երկրի հզորացման ազգային-պետական ուղեգծի հաստատումը։
Ի հավելումն նշվածի՝ ժողովրդի կողմից ստացած մանդատը խմբակցությունն օգտագործելու է՝ հանրային իրական հետաքրքրություն ու հնչեղություն ունեցող թեմաներով լսումների կազմակերպման, գործող իշխանությունների ապազգային, հակապետական նախաձեռնությունները, նրանց կողմից երկրի սոցիալ–տնտեսական խնդիրները լուծելու անկարողությունը, կոռուպցիոն երևույթները, դատաիրավական համակարգի ամենաթողությունը, մարդու իրավունքների և ժողովրդավարության խախտումները բացահայտելու և դրանց դեմ պայքարի ուղղությամբ:
Խմբակցությունն իր ներկայացուցիչների միջոցով շարունակելու է ակտիվ շփումներն ու աշխատանքները արտերկրի մեր գործընկերների ու Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, ինչպես նաև դրանց օգտակարությունը և արդյունավետությունը գնահատելով, մասնակցելու է միջազգային հանդիպումներին մեր երկրի շահերը պաշտպանելու, հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունները բարձրաձայնելու և դատապարտելու համար։ Ըստ անհրաժեշտության կիրառվելու են նաև պետական ու հանրային օրակարգերը սպասարկող խորհրդարանական այլ գործիքներ:
Միևնույն ժամանակ շարունակելու ենք ակտիվ գործունեություն իրականացնել ԱԺ-ից դուրս՝ մեր երկրին սպառնացող վտանգների մասին հանրային լայն շրջանակներին իրազեկելու, քաղաքական գործընթացներում ուղղակի մասնակցություն ապահովելու, «Դիմադրության» շարժմանը նոր թափ հաղորդելու, ներքին ու արտաքին անվտանգային քաղաքական խնդիրները լուծելու նպատակով։
Հարգելի՛ հայրենակիցներ,
Մենք համոզված ենք, որ իշխանափոխությունն այն անհրաժեշտ նվազագույն պայմանն է, որի դեպքում է միայն հնարավոր լուծել մեր երկրի առաջ ծառացած խնդիրները, հաղթահարել մարտահրավերները, փակել պարտության էջը, դուրս գալ այս նվաստացած վիճակից: Հայաստանը չի կարող աշխարհին ներկայանալ պարտության ու խայտառակության խորհրդանիշ հանդիսացող դեմքով: Բացառապես Հայաստանի շահերը ներկայացնող նոր բանակցողը միայն կարող է իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել և տանել մեր երկիրը զարգացման ճանապարհով»: