сен 28, 2023

Հռոմի ստատուտի հարցը կարող է քննարկվել բացառապես Սահմանադրության համապատասխան փոփոխությունների դեպքում

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀՌՈՄԻ ՍՏԱՏՈՒՏԻ ԱԺ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ազգային ժողովի վավերացմանն է ներկայացվել միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը: 
Ուսումնասիրելով այս հարցի վերաբերյալ առկա փաթեթը, հայտնում ենք.

I․ ԱԺ կողմից Հռոմի ստատուտը վավերացնելու օրինականության վերաբերյալ 

Չնայած այն բանին, որ Սահմանադրական դատարանը 24.03.23թ. միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի՝ Սահմանադրության հետ համապատասխանության վերաբերյալ տվել է դրական եզրակացություն, գտնում ենք, որ ՍԴ-ն գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները: ՍԴ-ն` թե Սահմանադրության, թե «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համաձայն, չէր կարող քննարկել այդ հարցը: Այսինքն, Սահմանադրական դատարանն իրավունք չուներ առանց սահմանադրական համապատասխան փոփոխությունների քննության առարկա դարձնել այն միջազգային պայմանագիրը, որում ամրագրված պարտավորությունները Սահմանադրական դատարանն արդեն իսկ ճանաչել է Սահմանադրությանը հակասող։ Սահմանադրական դատարանը 2004 թ. օգոստոսի 13-ի ՍԴՈ-502 որոշմամբ Հռոմի ստատուտում ամրագրված այն պարտավորությունները, համաձայն որոնց Միջազգային քրեական դատարանը լրացնում է ՀՀ ներպետական քրեական իրավազորության մարմինները, ինպես նաև  այն, որ բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Բացի այդ, այս որոշմամբ ՍԴ-ն արձանագրել է նաև, որ ելնելով միջազգային իրավակիրառական պրակտիկայից, հնարավոր է համարում ՀՀ Սահմանադրության այնպիսի փոփոխություն կամ լրացում, որը կճանաչի Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները կամ այդ Դատարանի իրավազորությունը՝ որպես ներպետական դատական համակարգը լրացնող մարմին (օրինակ՝ Ֆրանսիան, Իռլանդիան, Բրազիլիան Սահմանադրությամբ ուղղակիորեն ամրագրել են ՄՔԴ-ի իրավազորությունը կամ Կանոնադրությանը միանալու հնարավորությունը)։ ՍԴ որոշումը ենթակա չէ փոփոխման, վերջնական է և հրապարակման պահից ուժի մեջ մտնելով՝ ենթակա է պարտադիր կատարման: Մինչդեռ, ՍԴ-ն մտացածին հիմնավորումներով և պատճառաբանությամբ 24.03.2023թ. կայացրել է որոշում, որն ըստ էության հակասում է ուժի մեջ գտնվող ՍԴՈ-502 որոշմանը և կայացրել է  Հռոմի ստատուտի՝ Սահմանադրությանը համապատասխանելու մասին որոշում:  Մինչդեռ, ՍԴ-ն կարող էր այս հարցին անդրադառնալ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների նախագծի քննարկումների դեպքում: Ինչը ենթադրում էր մի կողմից մեծամասնության առնվազն 2/3-ի համաձայնությունը, մյուս կողմից՝ լիարժեք փոփոխության դեպքում՝ նաև հանրաքվեի անհրաժեշտությունը: Ուստի, որոշումը հակասահմանադրական  է,  հետևաբար՝ անընդունելի է և  մերժելի Ազգային ժողովին վերագրել մի իրավասություն, որը պատկանում է ժողովրդին՝ այն է հանրաքվեի միջոցով որոշում կայացնելու իրավունքը:

Միևնույն ժամանակ, անգամ Սահմանադրական փոփոխությունների միջոցով Հռոմի ստատուտին միանալու հնարավորություն ապահովելու դեպքում առարկայական են դառնում այս միջոցի օգտակարության ներքոհիշյալ հարցերը:   

II. Ստատուտի, որպես  ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների դեմ պայքարի, ինչպես նաև ադրբեջանական ագրեսիայի կանխարգելման և զսպման համար արդյունավետ միջոցի վերաբերյալ․

1. Թեև հիմնավորման մեջ նշվում է ՄՔԴ-ի, որպես ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետ գործիք, սակայն ոչ հիմնավորումը, ոչ էլ մեր ուսումնասիրությունները չեն արձանագրել դեպք, երբ պատժվել է այդ հանցագործությունները կատարած անձ կամ պետություն: 

Հարց է առաջանում՝ կա՞ն օրինակներ, երբ ՄՔԴ-ն հասել է իր կանոնադրական նպատակներին, պատժվե՞լ են հանցագործություններ կատարած պետությունների ղեկավարները  կամ՝  զսպվե՞լ է որևէ պետության ագրեսիա։

2. Ինչու՞ է որոշվել ստատուտին միանալ ոչ թե ՄՔԴ-ի իրավազորությունը ճանաչելու (սահմանափակ նպատակային գործադրման) միջոցով, այլ ամբողջությամբ վավերացնելով՝ ստանձնելով անհամաչափ շատ պարտավորություններ: Արդյո՞ք Ստատուտը վավերացնելու ցանկությունը Հայաստանի համար Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու նոր լծակ է՝ այսպես կոչված խաղաղության համաձայնագրի (միջազգային քրեական պատասխանատվության սպառնալիքի տակ) հասնելու համար, թե՞ Հայաստանի իշխանությունների վերահսկողության տակ մնացած տարածքը Ադրբեջանի նոր ագրեսիաներից պաշտպանելու մեխանիզմ։ Այսինքն, Հայաստանի իշխանությունները Ադրբեջանի ակտիվ ռազմականացման պայմաններում նրա ագրեսիվ քաղաքականությանը հակազդելու հնարավոր միջոց են տեսնում միջազգային իրավական մեխանիզմներն ու ինստիտուտները։ Հետևաբար, որքանո՞վ է այս մոտեցումը համարժեք և ռացիոնալ առկա մարտահրավերներին:

3. Եթե դա Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև վերջինիս շարունակվող ագրեսիան զսպելու և կանխարգելելու միջոց է, ապա ինչու՞ հայկական կողմը առ այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով դիմում չի ներկայացնում ՄՔԴ՝ շրջափակված-պաշարված Արցախում ցեղասպանական կամ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները հետաքննելու համար, ինչպես արվել է ժամանակին Սուդանում տեղի ունեցածի վերաբերյալ՝ ունենալով ՄՔԴ նախկին դատախազի զեկույցը: Կա նման մեխանիզմ և դրա իրականացման համար պարտադիր չէ, որ Հայաստանը լինի Հռոմի ստատուտի անդամ։ 

Կամ արդյո՞ք Հայաստանը դիմել է այլ երկրների, որոնք պատասխանատվություն են սահմանել ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների համար՝ Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչներին կամ այս հանցագործությունների կատարման մեջ կասկածվող այլ անձանց քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրանց նկատմամբ այլ պատժամիջոցներ կիրառելու համար: 

4. Վստահություն կա՞, որ ՄՔԴ-ի ներկայիս պրակտիկան երաշխիք է, որ Ադրբեջանի ղեկավարությունը երբևէ պատասխանատվության կենթարկվի ՄՔԴ-ի մեխանիզմներով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն ու Թուրքիան դրա մասնակիցը չեն և չեն էլ պատրաստվում այդպիսին լինել, իսկ Ադրբեջանի առաջնորդների վերաբերյալ ՄՔԴ-ի հնարավոր բացասական վճռի դեպքում նրանք հանգիստ կապրեն այդ և այլ մահմեդական պետությունների տարածքներում, ինչպես եղավ Սուդանի նախկին նախագահի պարագայում։ Ինչո՞ւ Ադրբեջանն ու Թուրքիան միաժամանակ չեն միանում կանոնադրությանը, նրանց բացակայությունը մտահոգիչ չէ՞։ Կա՞ պատկերացում, թե ինչ կլինի, եթե Ադրբեջանը չկատարի այս դատարանի որոշումը, ինչպես միջազգային դատարանների՝ Լաչինի միջանցքի հետ կապված նախորդ որոշումները։

5. Ե՞րբ է կառավարությունը պատրաստվում դիմել դատարան, և ինչպե՞ս կարող է դատավարության ընթացքը ազդել խաղաղ բանակցությունների վրա, կսպասե՞նք դատարանի վճռին, դրա կատարմանը, թե՞ պայմանագիր կկնքենք ագրեսորի հետ։ Խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո Հայաստանը կշարունակի՞ պնդել, որ ՄՔԴ հետաքննություն անցկացնի Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ և միևնույն ժամանակ նրա հետ երկխոսություն ու համագործակցություն կվարի խաղաղության պայմանագրի կատարման շուրջ՝ կարծես ոչինչ չի եղել։ 

Ի՞նչ կանի Հայաստանը ՄՔԴ-ի՝ հօգուտ Հայաստանի հիպոթետիկ դրական որոշման դեպքում՝ կձգտի վերջինիս իրականացմանը, թե՞ կբավարարվի բարոյական բավարարվածությամբ՝ շարունակելով Ադրբեջանի հետ «սերտ և փոխշահավետ համագործակցությունը»։

6. Կա՞ հնարավորություն, որ Ադրբեջանը կարող է հակաքայլեր ձեռնարկել միջազգային ատյաններում իր իրավունքները պաշտպանելու համար, օրինակ՝ բազմամիլիարդանոց արբիտրաժային հայցեր ներկայացնելով։ 

7. Որո՞նք են երաշխիքները, որ ստատուտի վավերացումը ճանապարհ չի բացի արցախյան ազատագրական պայքարի մասնակից (օրինակ՝ ապրիլյան քառօրյա պատերազմում) հայ զինվորականներին, քաղաքական և այլ անձանց՝ ՄՔԴ-ով պատասխանատվության առաջ կանգնեցնելու համար:

8. Արդյո՞ք Ստատուտի վավերացումը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներից հրաժարվելու Հայաստանի պատրաստակամության  հաստատումը չէ, կամ՝ Արցախում՝ էթնիկ զտումների և ռազմական գործողությունների պայմաններում, հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու ցանկության բացակայության՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանին Կառավարության դիմումը հետևել է Պրահայի հայտնի հայտարարություններին, որով ճանաչվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Ղարաբաղը նրա կազմում։ Հակառակ դեպքում, այս գործընթացը հնարավոր կլիներ սկսել 2021 թվականի մայիսին՝ Ադրբեջանի առաջին լայնածավալ ագրեսիայից և հայկական տարածքների օկուպացումից հետո։ Այլ խոսքով, արդյոք այս գործընթացը Հայաստանի կողմից Ղարաբաղի իրավիճակին չմիջամտելու լրացուցիչ երաշխիք չէ՞։ Այլ կերպ. արդյո՞ք սա ապագա սերունդների՝ իրենց հայրենիքում ապրելու իրավունքը սահմանափակելուն կամ Արցախյան հարցը ի վնաս հայ ժողովրդի վերջնական լուծմանը չի հանգեցնելու:

9. Կա՞ պատկերացում, որ ստատուտին միանալուց հետո ՌԴ նախագահի այցերը Հայաստան խնդրահարույց են լինելու՝ արդեն իսկ տրված հրամանագրի տեսանկյունից, ինչպե՞ս դա կազդի ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի աշխատանքի որակի վրա։  Կա՞ որևէ գնահատական, թե ինչպիսի ազդեցություն կունենա նման որոշումը մեր երկկողմ և տարածաշրջանային հարաբերությունների հեռանկարների վրա, քանի որ, ի տարբերություն մեզ, Վ. Պուտինը կարող է ազատորեն այցելել Թուրքիա և Ադրբեջան։ Որքանո՞վ է տրամաբանական և խելամիտ հիմա անել մի քայլ, որը կտրուկ կսահմանափակի մեր փոխգործակցությունը մի պետության ղեկավարի հետ, որի ռազմաբազան գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, որի սահմանապահները պաշտպանում են մեր արտաքին սահմանները, որի խաղաղապահները Ղարաբաղում են, որտեղից միլիարդավոր տրանսֆերտներ են ստացվում, ով  շահագործում է մեր գործող ատոմակայանը, և ով  գազի հիմնական մատակարարն է, ում շուկան  մեր արտադրանքի վաճառքի հիմնական շուկան է, ում քաղաքացիները մեր երկրի հիմնական զբոսաշրջիկներն են։ Կա՞ պատկերացում, թե դա որքան լուրջ կարող է ազդել БРИКС+ երկրների հետ մեր հարաբերությունների զարգացման վրա, հատկապես այս կազմակերպության ընդլայնումից հետո, որը ներառում է նաև Չինաստանը, Հնդկաստանը և Իրանը: Հայաստանը ստանում է առարկայական վնասներ: Հետևաբար, արդյոք Ստատուտին միանալուն չպետք է նախորդի գոնե առկա և տեսանելի ապագայում այն երկրների հետ համաձայնագրերի կնքումը, որպիսին կնքված է ԱՄՆ-ի հետ 2004թ.՝ անձանց միջազգային դատարաններ փոխանցելու մասին:

10. Կարելի՞ է ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն ունեն որոշակի երաշխիքներ, որ ՄՔԴ-ին անդամակցելու դեպքում երկրի տարածքային ամբողջականության անվտանգության և անձեռնմխելիության մակարդակը կապահովվի նույնիսկ առանց Ռուսաստանի արդյունավետ մասնակցության։ Չէ՞ որ դա աշխարհաքաղաքական արկածախնդրություն է, պետականության կորստի և բնաջնջման մաքսիմալ ռիսկեր պարունակող և անվտանգության ապահովման գրեթե զրոյական հնարավորության սցենարն է: Եթե սրան ավելացնենք այն հանգամանքը, որ վերջին հայտարարության համաձայն ՄՔԴ-ն իր ամենամեծ ներկայացուցչությունը բացում է Ուկրաինայում, ստացվում է, որ առաջիկա զարգացումներում այն ամբողջությամբ օգտագործվելու է արևմուտք-Ռուսաստան հակասության տիրույթում՝ Հայաստանը ներքաշելով նոր պատերազմի մեջ: Այսպիսով, նկատի առնելով նաև նախորդ կետերում ներկայացված ռիսկերը, Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կանգնում է վնասների և կորուստների առարկայական ռիսկերի առջև՝ ապագա հնարավոր տեսական որոշ հնարավորություններ ձեռք բերելու դիմաց:

11. Ի՞նչպիսին է սեփական ազգային շահերը, պետական ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում Վրաստանի փորձը, որը ՄՔԴ անդամ է 2008 թ. օգոստոսյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ Վրաստանը՝ ՄՔԴ-ի գործող մեխանիզմների միջոցով, դեռևս զգալի հաջողություններ չի արձանագրել։

12. Ինչո՞ւ Սերբիան, լինելով եվրոպական երկիր, ձգտելով լինել ԵՄ անդամ, դեռևս չի դարձել ՄՔԴ-ի մասնակից։ Արդյոք Կոսովոյի գործոնը և Կոսովոյի սերբերին պաշտպանելու ցանկությունը, չսահմանափակվելով լրացուցիչ միջազգային պարտավորություններով, թեկուզ անարդյունավետ, ազդում է նրա որոշման վրա։

Այսպիսով. Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը Հռոմի ստատուտի ներկայացված ընթացակարգով վավերացումը համարում է հակասահմանադրական և գտնում է, որ ներկա փուլում չի կարող քննարկման առարկա դառնալ (այն վավերացնելու հարցի ներառումը Ազգային ժողովի օրակարգ և քվեարկությունը անօրինական է): Իսկ Սահմանադրության փոփոխություններով Հռոմի ստատուտին միանալու մեխանիզմի գործադրման դեպքում, այն կարող  է իրականացվել բացառապես վերը նշված բազմաթիվ ռիսկերը լիարժեքորեն բացահայտելու, դրանց բացասական հետևանքները Հայաստանի և Արցախի համար չեզոքացնելու կամ առնվազը նվազագույնի հասցնելու դեպքում միայն: