Արամ Վարդևանյան. Արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ինչպես նաև դաշինքի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ հանդիպում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչների հետ: Հանդիպման շրջանակում ԵԱՀԿ դիտորդական առաքելության կողմից, ի թիվս այլ հարցերի, ներկայացվեց նաև միջանկյալ հաշվետվություն Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հատարարության մեջ:
«Մեր գնահատմամբ, վերոնշյալ փաստաթուղթը կրում է խիստ ընդհանրական բնույթ, քանի որ հաշվետվության մեջ Հայաստանում տիրող իրական իրավիճակը որևէ արտացոլում չի գտել: Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական գործընթացների շրջանակում թույլ տված խախտումները բազմակի են (ատելության խոսք, վարչական ռեսուրսի չարաշահում և այլն), կրում են շարունակական բնույթ և անընդունելի են: Սակայն, ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, ունենալով հստակ տեղեկատվություն՝ ի թիվս այլ աղբյուրների, այդ թվում նաև «Հայաստան» դաշինքի կողմից ներկայացված, որևէ կերպ չի անդրադարձել դրան։ Նման լռությունը համարժեք է առաքելության փաստացի կատարումից խուսափելուն և հիմնավոր կասկածների հիմք է վերջիններիս անաչառության մասով:
Հանդիպման ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ներկայացուցիչները փաստացի հրաժարվեցին նույնիսկ ատելության խոսքի նման ծավալի վերաբերյալ արտահերթ զեկույցով հանդես գալու հնարավորությունից։
Հատկանշական է, որ վերջին երեք տարիների ընթացքում մարդու իրավունքների զանգվածային խախտումների, դատարանների շրջափակման, քաղաքական հետապնդումների և ոչ մեկի վերաբերյալ արևմտյան երկրների դեսպանատները հայտարարությամբ հանդես չեն եկել, և դիտորդական առաքելության ներկայիս լռությունը ևս դրա շարունակականության տիրույթում է։
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ արձանագրում ենք դիտորդական առաքելության ակնհայտ կողմնակալության և արդյունավետության լրջագույն ռիսկեր», - նշվում է Վարդևանյանի հայտարարության մեջ: