Jun 10, 2021

Ա. Վարդևանյան. Կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն

Այսօր առավոտյան կառավարության շենքի մոտ խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության որոշ ծառայողների կողմից կիրառվել է անհամահաչափ ուժ և բռնություն: Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարության մեջ: 

«Բերման են ենթարկվել շուրջ երկու տասնյակ քաղաքացիներ, այդ թվում՝ Ազգային ժողովի պատգամավորի թեկնածուներ: Չնայած ժամանակավոր իշխանության և իրենց ներկայացուցիչների կողմից ատելության խոսքի տարածմանը, վարչական ռեսուրսի չարաշահմանը, մենք մշտապես մեր թիմակիցներին հորդորել և հորդորում ենք դրսևորել պատշաճ վարքագիծ և չտրվել սադրանքների։ Ոստիկանության նման բռնի գործողությունները ինքնին սադրանք կարող են հանդիսանալ այս մթնոլորտում։ Բացի այդ, ոստիկանությունը բոլորի իրավունքները և հասարակական կարգը պահպանելու պարտականություն ունի, այլ ոչ թե՝ իշխանությանը ծառայելու։

Զգուշացնում ենք ապօրինի հրահանգներ տվողներին, կատարողներին՝ վերադարձեք օրինականության դաշտ, բացառեք ոստիկանության նման ծառայողների ապօրինությունները՝ հակառակ դեպքում անձամբ պատասխանատվություն եք կրելու կատարված անօրինականությունների համար», - նշվում է Ա. Վարդևանյանի հայտարարության մեջ: