Jun 11, 2021

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում վարչական ռեսուրսի չարաշահման տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը

«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Երեկվա Լոռու մարզի նախընտրական այցելության վերաբերյալ մեր թիմակիցներից տեղեկություններ ենք ստացել, որ արձակուրդում գտնվող վարչապետի պաշտոնակատարին ուղեկցել է ոստիկանական ավելի քան 10 ավտոբուս: Նշվածն ակնհայտ վարչական ռեսուրսի չարաշահում է: Ավելին, նախընտրական բոլոր հանդիպումներին առկա են բազմաթիվ քաղաքացիական համազգեստով ոստիկաններ: Մամուլում հրապարկվել է նաև, որ մարզպետարանները սկսել են վարձատրություն բաժանել իշխանական քաղաքական թիմի անդամներին ու իրենց շտաբի պատասխանատուներին՝ նշվածը քողարկելով ծառայությունների մատուցման պայմանագրով: Այս մասին ասվում է հայտարարության մեջ: 

Գլխավոր դատախազի ուշադրությունն ենք հրավիրում այս տեղեկությունների վրա, և հորդորում ենք ոստիկանապետին՝ դադարեցնել ոստիկանական ուժերի աննպատակ ու ոչ համաչափ օգտագործումը»: