Jun 12, 2021

Վահե Հակոբյան․ Մենք առաջարկում ենք հակաճգնաժամային կառավարություն, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի

Սպիտակցիներն ամենալավն են գիտակցում, թե ինչ է նշանակում և ինչ արժեք ունի ճգնաժամային իրավիճակում ունակ կառավարությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Սպիտակ քաղաքում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրավաքին ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը՝ ավելացնելով, որ եթե 80-ականների վերջում փլատակների մեջ էր Լոռին ու Շիրակը, ապա հիմա փլատակների մեջ է ամբողջ Հայաստանը։ «Մենք եկել ենք այստեղ՝ առաջարկելու այդ նույն հակաճգնաժամային կառավարությունը, որն ամբողջ Հայաստանը ոտքի կհանի», - նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը հիմա գնում է ամեն տեսակ սադրանքների, բայց նրանց էջն արդեն փակված է, նրանց վարկանիշը շատ արագ ընկնում է, այնքան արագ, որքան արագ այս թմբիրից դուրս են գալիս մեր համաքաղաքացիները։ «Շատ փոքր մաս է մնացել, որ դեռ չի հասկանում՝ ինչ է կատարվում երկրում․ իսկ կատարվում է աղետ», - ավելացրեց նա։

«Մի անգամ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ապացուցել է, որ կարող է երկիրը հանել ճգնաժամից։ Սպիտակում առկա շինությունների 99 տոկոսը կառուցվել է Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, այս տենդենցը լինելու է ամբողջ երկրում։ Ունենալու ենք հզոր բանակ, առողջ տնտեսություն, համաչափ զարգացող համայնքներ»,- ասաց Վահե Հակոբյանը՝ ընդգծելով, որ հունիսի 20-ին պետք է փակվի նիկոլիզմի էջը։