Jun 12, 2021

Քոչարյան․ եթե երեք տարվա ընթացքում Սպիտակում այս իշխանությունները ոչինչ չեն արել, ի՞նչ երեսով են նրանք գալիս այստեղ

«Աղետի գոտում կատարած մեր աշխատանքը խրախուսեց Սփյուռքում բազմաթիվ մարդկանց՝ հայերին և արտասահմանցիներին, որ գան և կառուցեն, վերականգնեն երկիրը»,- այսօր՝ հունիսի 12-ին Սպիտակ քաղաքում հանրավաքին ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես լավ հիշողություն ունեմ, նույնիսկ հիշում եմ շինարարների դեմքերը, բայց անունները կարող է չհիշեմ։ Այդ շինարարական աշխատանքների ծավալն ավելացնելու ամենադրդիչ ուժը եղել է այն միտքը, թե հաջորդ անգամա գալիս՝ ինչպես պետք է նայեմ մարդկանց աչքերին», - ավելացրեց դաշինքի առաջնորդը։

«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում․ եթե երեք տարվա ընթացքում Սպիտակ քաղաքում այս իշխանությունների կողմից ոչինչ չի արվել, ի՞նչ երեսով են նրանք գալիս այստեղ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում և դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար, ի՞նչ խղճով»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հունիսի 20-ից հետո Հայաստանում դուք տեսնելու եք այնպիսի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալիս պարզերես նայել ձեր աչքերին և ասել՝ սա՛ ենք արել ։ Բայց այսօր ներկայիս կառավարությունը երկիրն ավերակների է վերածում»,- ընդգծեց Քոչարյանը։

«Մենք գալիս ենք իշխանության՝ վերականգնելու երկրի անվտանգությունը, պաշտպանելու սահմանները, ապահովելու տնտեսական վերելք, կանխելու արտագաղթը, ստեղծելու աշխատատեղեր և ապահովելու բոլորիդ բարեկեցիկ կյանքը»,- շեշտեց նախագահը։