Sep 17, 2021

«Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգևավճարներից

​​Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի սեպտեմբերի 16-ի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորներին վճարվել է պարգևավճար:

Այսօր երբ հարյուրավոր անհետ կորածներ և չգտնված աճյուններ ունենք, երբ հազարավոր որդեկորույս ծնողներ չեն կարողանում հաղթահարել իրենց ցավը և վիշտը, երբ մեր բազմահազար քաղաքացիներ չեն կարողանում ստանալ անհրաժեշտ բուժօգնություն առողջապահության պետպատվերի գումարների սպառման պատճառով, այս իշխանությունը, քաղաքացիների խնդիրները մի կողմ թողած, լծված են գունագեղ տոնակատարություններ կազմակերպելու և պարգևատրումների գործին:

«Հայաստան» խմբակցությունը խստագույնս դատապարտում է գործող վարչախմբի գործելաոճը: Խմբակցությունը չափազանց կարևորում է ազգային արժանապատվությունը և հատկապես խոցված ինքնիշխանության պայմաններում անկախության օրվա կապակցությամբ պատգամավորներին տրվող պարգևատրումները գնահատում է վիրավորանք ՀՀ քաղաքացուն:

Հաշվի առնելով, որ մենք այդ որոշումը համարում ենք ապօրինի, ինչպես նաև այն, որ այն տարածվում է նաև մեր խմբակցության պատգամավորների վրա, հայտարարում ենք, որ մենք չենք օգտագործելու այդ միջոցները, միաժամանակ պարգևավճարների օրինականությունը վիճարկելու ենք դատարանում: Բացի դրանից կատարվածին քրեաիրավական գնահատական տալու նպատակով դիմելու ենք իրավապահ մարմիններին: