Sep 24, 2021

​​«Հայաստան» խմբակցությունը ՍԴ-ում վիճարկում է առողջապահության նախարարի հրամանը

​​«Հայաստան» խմբակցությունը, հաշվի առնելով հանրային արձագանքը, ինչպես նաև հերթական անգամ օբյեկտիվ քննադատությունն անտեսելու իշխանական վարքագիծը, այսօր մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։

​​«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:  Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:

Սահմանադրական դատարանում որպես դիմողի ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր, սահմանադրագետ Արամ Վարդևանյանը: