Oct 15, 2021

«Հայաստան» դաշինք․ Միակողմանի խաղաղասիրական կոչերը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն

​​2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումներն ադրբեջանական զինված ուժերի կողմից շարունակական բնույթ են կրում, նույնիսկ վիրավորում են ստացել մեր մի շարք զինծառայողներ։ Այս մասին ասվում է «Հայաստան» դաշինքի տարածած հայտարարության մեջ։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկիզբ առած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների անարժանապատիվ քաղաքականությունը չի կանխարգելում Ադրբեջանի իշխանությունների՝ միջազգային մարդասիրական և միջազգային իրավունքի համընդհանուր սկզբունքների շարունակական կոպիտ խախտումները:

Մշտապես փաստացի միակողմանի խաղաղասիրական կոչերը, ագրեսիվ հայտարարություններն անպատասխան թողնելը չեն նպաստում իրական արժանապատիվ խաղաղություն ձևավորելուն: Ազգային ժողովում առկա գործիքակազմի իրացմամբ ձեռնարկվելու են բոլոր հնարավոր միջոցները նշված դեպքերի և առհասարակ Հայաստանի սահմանային լարված իրավիճակի վերաբերյալ կոնկրետ հարցադրումների պատասխաններ ստանալու և ժողովրդի առջև հաշվետվողականության պարտականության ապահովման համար, նույնիսկ հրատապ թեմայով քննարկման ձևաչափով», - նշվում է հայտարարության մեջ: