Oct 27, 2021

«Հայաստան» դաշինք․ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ քննարկման օրակարգը կարող է լինել միայն իր հրաժարականը

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․ 

«​​Այսօր կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, հերթական անգամ խուսափելով հարցերին հստակ պատասխանելուց, մոլորեցնելով հասարակությանը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը փորձ արեց տպավորություն ձևավորել, թե «Հայաստան» դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների ու զրույցների:

«Հայաստան» դաշինքը հայտարարում է, որ ՀՀ ինքնիշխանությունն ու անվտանգությունը սպառնալիքի տակ դրած, Արցախի զգալի մասը դավադիր պատերազմում թշնամուն հանձնած, թշնամիներին՝ կառուցողական, իսկ սեփական հայրենակիցներին՝ շինծու գործերով կալանավորումների հրահանգներ տված, սևերի ու սպիտակների բաժանած անձնավորության հետ չի կարող լինել որևէ փակ քննարկում՝ որևէ ֆորմատով:

Ի վերջո, ցանկանան, թե՝ ոչ, պետք է հաշվետու լինեն հանրության առջև: Եվս մեկ անգամ վերահաստատում ենք, որ մենք մեկ սանտիմետր անգամ չենք հրաժարվել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու մեր նպատակից և միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ»: