Apr 05, 2022

Հայտարարություն․ Վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը

Երևանի Ազատության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի մասնակիցները հանդես են եկել հայտարարությամբ, որի տեքստը ներկայացնում ենք ստորև․

«Հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության հրավիրված հանրահավաքի մասնակիցներս, անկախ մեր գաղափարաբանական և քաղաքական տարբերություններից, վճռականորեն մերժում ենք թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պարտադրվող օրակարգերը։

Խաղաղության նախադրյալներ ստեղծելու համար Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին, պատանդներին, այլ պահվող անձանց, ազատազրկման դատապարտվածներին, իր զորքերը հեռացնի ինչպես Հայաստանի ինքնիշխան տարածքներից, այնպես էլ Արցախի տարածքում 2020-ի նոյեմբերի 9-ի դրությամբ դիրքերին:  

Մենք՝ հանրահավաքի մասնակիցներս, հայտարարում ենք, որ առաջնորդվում ենք հետևյալ հիմնարար սկզբունքներով.  

- հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և  ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է՝ բոլոր բաղադրիչներով,  

- բացառել Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում,  

- բացառել առանց Հայաստանի հետ հուսալի ցամաքային կապի Արցախի անկլավային վիճակը,

- քայլեր ձեռնարկել 1994 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի որոշմամբ ամրագրված ձևաչափով և նպատակներով բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ,  

- բացառել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաշվին հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անվան տակ միջանցքների տրամադրումը,

- Ադրբեջանի կողմից ուժի կիրառման և ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում բացառել ցանկացած միջպետական պայմանագրի ստորագրում և սահմանազատման ու սահմանագծման ցանկացած գործընթաց,  

- չստորագրել Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր, որը կխափանի Արցախի ինքնորոշման իրավունքի՝ առանց սահմանափակումների իրացումը,  

- Հայաստան-Թուրքիա հարաբերություններում բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես նաև հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրողը լինելու իրավունքը։

Այս սկզբունքները բխում են հայ ժողովրդի կենսական շահերից, ուստի ցանկացած իշխանություն պարտավոր է առաջնորդվել այս օրակարգով և ապահովել դրա իրականացումը։ Այս օրակարգի առաջադրումը չի նշանակում պատերազմ, այլ հայ ժողովրդի կենսական շահերի հաշվառմամբ իրական, արդար և արժանապատիվ խաղաղություն հաստատելու պատրաստակամություն։

Ներկայացված սկզբունքների չիրագործումն անխուսափելիորեն կհանգեցնի համաժողովրդական լեգիտիմ հակազդեցության բոլոր հնարավոր միջոցներով և եղանակներով։

Սույն հայտարարությունը բաց է ներկայացված օրակարգը կիսող անհատների, հասարակական կազմակերպությունների և կուսակցությունների համար:

Ազատության հրապարակ 05 ապրիլի, 2022 թվական»։