Սեպ 08, 2021

Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը վերածվել է նրա կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի

«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել ՀՀ ԱԺ պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդման վերաբերյալ։

«Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի:

Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի», - ասվում է հայտարարության մեջ: