Նոյ 24, 2021

ԱԺ խոսնակը մինչ օրս չի հաստատել «Հայաստան» հիմնադրամի գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովի կազմը

​​Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Այս մասին հայտնում են «Հայաստան» խմբակցությունից։ 

Ըստ տարածված հաղորդագրության՝ թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ:

«Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:

Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:

Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը ձեր կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննիչ հանձնաժողովում քննարկելու համար:

Քննիչ հանձնաժողով՝
(նախագահ) Արծվիկ Մինասյան
Հայկ Մամիջանյան
Էլինար Վարդանյան
Թադևոս Ավետիսյան», - նշված է հաղորդագրության մեջ։