Հոկ 09, 2023

Բռնարարք կատարած որևէ ոստիկանական բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության

Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների  հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ: Այս մասին ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։ 

«Ինչպես հայտնի է՝ արցախահայության կյանքի իրավունքը պաշտպանելու հրամայականով դրդված ժողովրդային լայն զանգվածներ ս.թ. սեպտեմբերի 19-ից Հայաստանի կառավարությանը իրենց պահանջները ներկայացնելու համար սկսեցին ինքնաբուխ, խաղաղ բողոքի գործողություններ:

Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հերթական անգամ գործադրեց բիրտ ուժ: Հակաարցախյան հայտարարություններով ատելություն և ներազգային թշնամանք տարածող իշխանության ներկայացուցիչների ու աջակիցների հակաազգային գործունեության, ոստիկանության և իշխանական սադրիչների  հրահրած բախումների հետևանքով բազմաթիվ անձինք ստացան մարմնական վնասվածքներ, իսկ հասարակության շրջանում շարունակում է պահպանվել գերլարված վիճակ: 

Տարբեր անհնազանդության ակցիաների ընթացքում 700-ից ավելի անձինք բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ: Ճնշող դեպքերում նրանց նկատմամբ կիրառվեց անհամաչափ ուժ: 100-ավոր անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, իսկ կամակատար քննչական մարմինների և դատավորների միջոցով շուրջ 70 անձ ապօրինի ձերբակալվեց: 

Զավեշտ է, երբ բռնարարք կատարած որևէ ոստիկանական  բերետավոր առ այսօր չի ենթարկվել որևէ պատասխանատվության: Բացի այդ, ներազգային թշնամանք տարածող իշխանության որևէ աջակցի վերաբերյալ հրապարակված չէ հանրային քրեական հետապնդման մասին որևէ տեղեկատվություն, այն դեպքում, երբ այդ հիմքով բազմաթիվ հաղորդումներ են ներկայացվել դատախազություն: Մինչդեռ բազմաթիվ քաղաքացիներ նույնիսկ հիմա էլ մտացածին պատճառաբանություններով ու կեղծ հիմնավորումներով ապօրինաբար ձերբակալվում են:

Կամավոր հիմունքներով ձևավորված փաստաբանական խումբը, Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, Փաստաբանների պալատի աջակցող փաստաբանական համայնքը այս օրերին մշտապես եղել են արդար ցասում ապրող մեր հայրենակիցների կողքին, ցուցաբերելով իրավական, հաղորդակցության ապահովման և այլ աջակցություն:
 
Այս պահի դրությամբ վեց տասնյակից ավելի անձանց ներկայացված են մեղադրանքներ, որոնցից 5-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, 37-ը կալանավորված են 20 օրից մինչև 2 ամիս ժամանակով, որոնցից 17-ի հետ տեսակցությունները արգելվել են: 

ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները շարունակում են պարբերաբար պատգամավորական այցերը քրեակատարողական հիմնարկներ:
 
Մենք շարունակելու ենք համակարգված աջակցությունը ապօրինությունների ենթարկված անձանց», - նշվում է հաղորդագրության մեջ։