«Հայաստան» դաշինք․ Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, ասվում է․
«Իշխանությունները շարունակում են նախընտրական փուլում սկսված բռնաճնշումները «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների նկատմամբ: Վերջին օրերին «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամների, «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում ներգրավված անձանց նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ, կատարվում են ապօրինի գործողություններ:
Ներհասարակական ճգնաժամի այսօրինակ նորանոր դրսևորումներն ավելի են խորացնում երկրում առկա քաղաքական ճգնաժամը: Այսպիսով՝ շարունակվում են երկրում մեկ մարդու իշխանություն հաստատելու փորձերը:
Հակաօրինական այս գործողությունների նպատակը պարզ է՝ թուլացնել խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությանը, նրան շեղել երկրի ներքին ու արտաքին սպառնալիքներին դիմակայելուն ուղղված պայքարից: «Հայաստան» դաշինքը խստորեն դատապարտում է իշխանության այս գործելաոճը: Մենք հաստատակամ ենք՝ շարունակելու երկիրն աղետի հասցրած վարչախմբի դեմ պայքարը: Քաղաքական հալածանքների, ապօրինի գործողությունների բոլոր մեղավորները պատասխան են տալու»: