Հուն 08, 2021

«Հայաստան» դաշինքը քաղաքացիներից արդեն ստացել է բազմաթիվ առաջարկություններ

Հունիսի 8-ի դրությամբ «Հայաստան» դաշինքն ստացել է 73 առաջարկ։ Առաջարկները տրամադրվել են սովորական և էլեկտրոնային նամակներով։ Ներկայացվել են տարբեր ոլորտների առավել խոցելի հիմնախնդիրները և դրանց լուծումների վերաբերյալ պատկերացումներ։

Իրավական ոլորտի վերաբերյալ առաջարկություններ տրամադրած քաղաքացիները և կազմակերպությունները հատկապես կարևորել են հակակոռուպցիոն մեխանիզմների կարգավորման, դատաիրավական և հանրային ծառայության խնդիրների լուծումը։

Տնտեսության վերաբերյալ ստացված առաջարկություններում գերակշռում են փոքր և միջին բիզնեսի զարգացմանը միտված քայլերի, հարկային դաշտի կարգավորման մեխանիզմների խնդիրները։ Քիչ չեն նաև հանքարդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և այլ ոլորտների վերաբերյալ կոնկրետ առաջարկությունները, այդ թվում՝ մասնագիտական դիտարկումները։

Սոցիալական բլոկի վերաբերյալ առաջարկություններում գերակշռում են առողջապահական ոլորտի, հատկապես՝ համավարակի կառավարման և պատերազմի մասնակիցներին պատշաճ բուժօգնություն տրամադրելու վերաբերյալ առաջարկությունները։ Բազմաթիվ առաջարկություններ են ստացվել նաև մշակույթի, սպորտի, կրթության և Սփյուռքի խնդիրների հետ կապված։

«Հայաստան» դաշինքի ծրագրի վերաբերյալ առաջարկությունները համակարգող աշխատանքային խումբը մշտապես կապի մեջ է  քաղաքացիների և կազմակերպությունների հետ և պարբերաբար ամփոփելու է ստացած նամակները։

Հիշեցնում ենք, որ առաջարկությունները կարող եք ուղարկել՝  info@dashink.am էլ․ հասցեին կամ տրամադրել  «Հայաստան» դաշինքի շտաբեր։