Հուն 02, 2021

«Հայաստան» դաշինքի առաջնորդ․ Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են

«Հիվանդությունները բուժելու համար կամ վիրահատում են կամ պատվաստում։ Այս դեպքում, կարծում եմ, ճիշտը պատվաստելն է, քանի որ մենք չենք կարող մեր ժողովրդի 20 տոկոսին վիրահատության ենթարկել։ Այս մասին Արագածոտնի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի շտաբերի աշխատակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա՝ պատվաստելն է մնում․ սա նշանակում է կրթել, ճիշտ քարոզչությամբ զբաղվել։

«Նիկոլիզմով հիվանդները մեր ժողովրդի մի մասն են և ամենաշատն են տուժել այս ամենից։ Մեղավորը այն քաղաքական գործիչն է, այն դեմքը, որն ատելություն է քարոզում ներսում։ Սոցիալական ծանր բեռի տակ գտնվող մարդիկ միշտ հեշտությամբ են ընդունում, որ իրենց անհաջողությունները կապված են միայն մեկ մարդու անձի հետ։ Ներկայումս կիրառվող տեխնոլոգիաների արդյունքում մարդկանց ուղեղների վրա ազդելը շատ հեշտ է։

Առաջիկա երեք շաբաթների ընթացքում պետք է համբերատար աշխատել և պատվաստումներ անել նիկոլիզմի դեմ։ Մյուս կողմից, նաև հասկանում եմ, որ պատվաստումը ոչ բոլորի վրա է ազդում։ Բնակչության որոշակի տոկոս կա, որի վրա չի ազդում և վերջ։ Բայց կա մի կրիտիկական զանգված, որը կարող է եղանակ ստեղծել, և՛ լավ իմաստով, և՛ վատ։ Մարդկանց կարծիքը պետք է փոխել։ Մի խելոք մարդ ասել է․ «Կարծիքը տրանսպորտի պես է․ եթե սեփականը չունես, հանրայինից ես օգտվում»։ Պատվաստումը նաև նշանակում է, որ մեր ժողովուրդը կոլեկտիվ իմունիտետ է ձեռք բերելու», - նշել է նախագահը։