«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն ԱԺ արտահերթ նիստ են պահանջել
ՀՀ Ազգային Ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները պահանջել են ԱԺ արտահերթ նիստ գումարել, որի ընթացքում խորհրդարանը պետք է հստակ հայտարարություն ընդունի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։
«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ ՀՀ ԱԺ հայտարարությունը
Հիմք ընդունելով ՀՀ անկախության հռչակագիրը, ՀՀ Սահմանադրությունը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Արցախի ժողովրդի 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեի արդյունքները, միջազգային իրավունքի հիմնադրույթները, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից բազմիցս ներկայացված հիմնարար սկզբունքները՝
Հայտարարում ենք․
1. Հայաստանի Հանրապետությունը աջակցելու է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը։ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում։
2. Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը։
3. Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է բոլոր բաղադրիչներով։
4. Հայաստանի Հանրապետության հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն հումանիտար խնդիրների լուծման (հայ ռազմագերիների, այլ պահվող անձանց վերադարձ) և Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով։
5. Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը։
6. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը բացառում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը, ինչպես հայության հոգևոր-մշակութային ժառանգության կրող լինելու իրավունքը։
7. Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումները միմյանց հետ շաղկապված չեն։ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կոմունիկացիաների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»։