«Հայաստան» խմբակցությունը հանրային քննարկում է կազմակերպել «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կազմակերպել էր հանրային քննարկում՝ «Տեղահանված ու բռնագրավված Հադրութ․ մեկ տարի անց․ հիմնահարցեր և մարտահրավերներ» խորագրով։
Քննարկմանը մասնակցել են Արցախի Հանրապետության կառավարության Օպերատիվ շտաբի պետը, Հադրութի շրջանային խորհրդի նախկին ղեկավարը, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարը, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը, Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչության, Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, ինչպես նաև հադրութցիների խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ՀՅԴ Հայաստանի եւ Արցախի կառույցների ներկայացուցիչները, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները՝ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ։
Քննարկման ընթացքում վեր են հանվել հադրութցիներին և առհասարակ արցախցիներին առնչվող բազմաթիվ հարցեր։ Արձանագրվել է, որ առկա են սոցիալական, բնակարանային, աշխատանքային, առողջապահական խնդիրներ, բաց է մնացել նրանց կարգավիճակի հարցը, կառավարության կողմից բացակայում է առկա խնդիրների լուծմանն ուղղված ռազմավարությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նմանօրինակ քննարկումները դարձնել ավելի ակտիվ և շարունակական։
«Հայաստան» խմբակցությունը վստահեցրել է, որ հադրութցիների և Արցախի մյուս բնակավայրերից տեղահանված բնակիչների խնդիրներն այսուհետ էլ շարունակելու է պահել իր մշտական ուշադրության կենտրոնում և խորհրդարանական բոլոր լծակներն օգտագործելու է դրանց լուծման ուղղությամբ։