Հռչակագիր
«Հայաստան» դաշինքը քաղաքական կուսակցությունների, կազմակերպությունների և անհատ գործիչների միավորում է: Այն ձևավորվել է հանուն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, հանուն հայ ժողովրդի հարատև անվտանգության, զարգացման և բարեկեցության։ Դաշինքի ձևավորումը թելադրված է 2020 թվականի 44-օրյա պատերազմի աղետալի հետևանքները, մեր պետականությանը նետված նոր սպառնալիքները հաղթահարելու անհրաժեշտությամբ։
Դաշինքն առաջնորդվում է գիտակցությամբ, որ միայն համատեղ ջանքերով և միասնական լինելով է հնարավոր լուծել երկրի առջև ծառացած լրջագույն խնդիրները։
Մենք պատրաստ ենք ստանձնել ամբողջ պատասխանատվությունը պետության ճակատագրի հանդեպ, կանխել պետականության փլուզումը, ձևավորել նոր որակի իշխանություն, կերտել Հայաստանի ապագան:
Մենք համոզված ենք, որ խորհրդարանական մեծամասնության միջոցով կձևավորենք այնպիսի գործադիր իշխանություն, որը վեր կանգնելով նեղ քաղաքական նպատակներից, կծառայի ազգային-պետական շահերին, կիրականացնի դրանց պաշտպանությանն ուղղված արտաքին քաղաքականություն, կերաշխավորի հուսալի անվտանգություն, կկասեցնի սոցիալ-տնտեսական անկումը, կապահովի զարգացման բարձր տեմպեր, կկանխի զանգվածային արտագաղթի նոր ալիքը՝ անհրաժեշտ հիմքեր ստեղծելով արժանապատիվ և երկարաժամկետ խաղաղության համար: #ԴեպիՈւժեղՀայաստան