Հուն 12, 2021

Ի․ Սաղաթելյան․ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը

«Այս օրերին շատ կարևոր է պինդ ու ուժեղ մնալ, որովհետև մեր երկիրը վտանգի առջև է։ Երեք տարի առաջ մի խումբ մարդիկ եկան իշխանության և քանդեցին ամեն ինչ, ինչ հնարավոր է, երկիրը տարան պատերազմի և բերեցին պարտության»,- Տաշիր քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք պարտավոր ենք վերականգնել մեր արժանապատվությունը, մեր ինքնիշխանությունը։ Դա պետք է անենք միասին՝ Հայաստանի գիտակից և արժանապատիվ քաղաքացու մասնակցությամբ և օգնությամբ։ Մենք դավաճաններին թողնելու հայրենիք չունենք։ Հունիսի 20-ին միասին, կազմակերպված պետք է հեռացնենք այս իշխանությանը և կերտենք ուժեղ Հայաստան»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Այսօր իշխանության ներկայացուցիչները շրջում են քաղաքներով և գյուղերով և համոզում մարդկանց՝ պողպատյա մանդատ տալ նրանց։ Բայց հետաքրքիր է, որ այդ պողպատյա մանդատը նրանք չեն պատրաստվում օգտագործել թշնամու դեմ, այդ թշնամում ՀՀ-ի ինքնիշխան տարածքից հեռացնելու համար, մեր կորցրածը վերականգնելու համար։ Նրանք ձեր մանդատն ուզում են Հայաստանում վենդետաներ անելու, մարդկանց բանտարկելու համար, եկեղեցու և ազգային արժեքների դեմ պայքարելու համար։ Հայ մարդը պետք է դրան տա հեռացման մանդատը», - հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։