Հուն 08, 2021

Իշխան Սաղաթելյան․ Մենք առաջարկում ենք փակել այս ամոթի էջը ու կառուցել նոր, ուժեղ Հայաստան

«ՀՀ քաղաքացին պետք է հստակ իր դիրքորոշումը հայտնի՝ համաձայնո՞ւմ է այս պարտվողականությանը, թե՝ ոչ, ընդունո՞ւմ է, որ երկիրը ղեկավարի թուրքի առաջ ծնկած, Հայաստանը պառակտած, Քաջ Նազարի բախտով Հայաստանի իշխանության ղեկին հայտնված այս Ձախորդ Փանոսը»,- այսօր՝ հունիսի 8-ին, Սիսիան քաղաքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մենք առաջարկում ենք փակել այս ամոթի էջը, վերջ դնել այս քաոսին ու կառուցել նոր, ուժեղ Հայաստան։ Մենք ունենք թիմ, վարչապետի թեկնածու, ծրագիր, որով հնարավոր է մեր երկիրը բերել զարգացման բնականոն հուն»,- ասաց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց․ «Էս մարդը 3 տարի առաջ գլխարկի վրա գրել էր «դուխով» և հիմա, Ալիևի առաջ ծնկի գալուց հետո, գլխարկի վրա գրել է «ապագա կա»։ Մեր երկիրը հասցրել է էն վիճակի, որ հիմա համոզում է ժողովրդին, որ ապագա կա։ Այո, ապագա կա, բայց առանց այս չարիքի իշխանության»։