Հուն 08, 2021

Իշխան Սաղաթելյան․ Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի ու պարտության ուրվականը

«Մեր երկրում պտտվում է մի ուրվական՝ ամոթի ու պարտության ուրվականը։ Հունիսի 20-ին մենք պետք է փակենք այդ ամոթի ու խայտառակության էջը և հայ ժողովրդի համար բացենք նոր՝ հզոր և ուժեղ Հայաստանի էջ»,- այսօր՝ հունիսի 8-ին Գորիսում հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Հայաստանի Հանրապետության ղեկին հայտնված քաջ Նազարն այս օրերին պտտվում է քաղաքներով ու գյուղերով ու անընդհատ նույն միտքն է արտահայտում․ «Եթե ժողովուրդը ցանկանա ինձ գնդակահարել, ես պատրաստ եմ»։ Իհարկե, ինքն արժանի է դրան, բայց մենք ջունգլիներում չենք ապրում, և մեր երկրում անարխիա չի լինելու։ Մեր երկրում լինելու է արդարադատություն։ Թուրքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն պրծնելու։ Նրանք պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին՝ իր տունը կորցնելու համար։ Պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետր կորստի համար, Շուշիի ու Հադրութի համար, մեր 5 հազար զոհերի համար։

Այո՛, մեր երկրում լինելու է արդարադատություն, և բոլորը պետք է պատասխան տան իրենց կատարածների համար, որ մեր երկրում այլևս դավաճանություն չլինի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։