Հուն 16, 2021

Քոչարյան․ Ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում պետք է ուժեղացվի

«Հատկապես հիմա երկրի անվտանգությունն ունի լրջագույն պրոբլեմներ, և մեր զինված ուժերի վերականգնմամբ զբաղվելուց բացի, մենք պետք է փորձենք ռուսական ներկայությունն այստեղ դարձնել ժամանակակից»,- Մարալիկ համայնքում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և հավելեց, որ այն հնարավոր է և պետք է անել՝ հաշվի առնելով, թե ինչպիսի զարգացումներ են տեղի ունենում մեր տարածաշրջանում:

Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ ներկայում նկատելի է տարածաշրջանում Թուրքիայի դերակատարության աճ, որը մտնում է այնպիսի ոլորտներ, որոնցում, դեռ մի քանի տարի առաջ, դժվար էր ենթադրել, որ նման քայլ կանի:

«Երբ նայում ես քարտեզին, ակնհայտ է՝ միակ երկիրը, որը կարող է զսպող գործոն դառնալ Թուրքական էքսպանսիային՝ դա Ռուսաստանն է։ Այդ տեսանկյունից պետք է Ռուսաստանի հետ շատ լուրջ գործընթաց սկսել՝ իրենց ռազմական ներկայությունը ուժեղացնելու համար»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը և հավելեց, որ երկրի ուժեղացումը չպետք է լինի միայն ռուսական ներկայությամբ: