Դեկ 15, 2021

Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը դարձավ հերթական ապօրինի կալանավորման զոհը, ասվում է դաշինքի տարածած հայտարարության մեջ։

«Հայաստանում արդարադատության ճգնաժամը տևական ժամանակ է՝ ինչ հաստատուն փաստ է այլևս:
Դատարանների անկախության դեմ իշխանությունների՝ ոչ մի սահման չճանաչող պայքարն ակնհայտորեն տվել է իր արդյունքները:

Իրավապահների կողմից առկա չէ որևէ դիմադրություն քաղաքական բաղադրիչ ունեցող գործերով ապօրինություններից զերծ մնալու համար։ Քաղաքական այլակարծություն ունեցողների, ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ցանկացած անձի նկատմամբ կալանավորումն այլեւս իշխանությունների միակ գործիքն է:

Նշվածը հերթական անգամ ակնառու դարձավ ՏԻՄ ընտրություններից հետո։ Չնայած առկա լուրջ մարտահրավերներին, միակ գործիքակազմը, որ իրացնում է այս իշխանությունը՝ կալանավորումն է, որը 90%-ից ավելի դեպքերում պարզապես կնիքվում է դատարանների կողմից:

Հրավիրում ենք Մարդու իրավունքների պաշտպանի և միջազգային կազմակերպությունների ուշադրությունը մարդու անձնական ազատության՝ նման ծավալի խախտումների և ապօրինությունների վրա», - նշվում է հայտարարության տեքստում: