Հուն 15, 2021

Ռ․ Քոչարյան․ Ղեկավարը պատասխանատու է ոչ միայն իր որոշումների համար, այլ նաև՝ դրանց հետևանքների

«Անձի երկու տեսակ կա․ կա տեսակ, որն իր վրա պատասխանատվություն է վերցնում և պատասխանատու է իր քայլերի համար։ Կա նաև մեկ ուրիշ տեսակ, ով բոլոր խնդիրների համար հենց սկզբից փորձում է փնտրել մեղավորներ՝ իր անճարությունը քողարկելու համար»,- այսօր՝ հունիսի 15-ին Ավշարում ընտրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ բոլորը հանդիպած կլինեն նման մարդկանց, որոնց պատկերացմամբ բոլորը մեղավոր են՝ իրենցից բացի։

«Նման մարդիկ կյանքում շատ բանի չեն հասնում, քանի որ միշտ արդարացում կա և այդ արդարացման թիրախը ուրիշներն են։ Եթե այդ մարդը ղեկավարի պաշտոնին չէ, ապա նման կեցվածքից տուժում է միայն իր ընտանիքը։ Բայց եթե այդպիսի մարդը դառնում է պետության ղեկավար, ամբողջ ժողովուրդը նման կեցվածքի գերին է դառնում։ Ղեկավարը որոշում կայացնելու համար է։ Եթե դու քեզ վրա նման պատասխանատվություն ես վերցրել, բարի եղիր նաև պատասխանատվություն վերցնել դրանց հետևանքների համար»,- ասաց Քոչարյանը։