Ռ․ Քոչարյան․ Մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար լուրջ, նոր հնարավորություններ
«Բավական քննարկումներ է գնում, թե՝ կրել ենք, չենք կրել, պարտվել ենք․ նկատում եմ մեր կողմնակիցների կողմից որոշակի հիասթափության կամ տրամադրությունների անկման տենդենց,- «Հայաստան» դաշինքի մամուլի սրահում ասուլիսի ժամանակ ասաց դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով․ «Սա նախագահական ընտրություներ չեն, որտեղ մրցանակը մեկն է, կա հաղթող և պարտվող։ Խորհրդարանական ընտրություններում պարտվում են նրանք, ովքեր չեն անցնում խորհրդարան։ Ովքեր անցնում են, պարտվող չեն համարվում»։
«Ես կառաջարկեի նայել՝ ինչ տոկոսներ են հավաքել այն կուսակցությունները, որոնց հիմնական նպատակը եղել է մեր՝ «Հայաստան» դաշինքի ու իմ դեմ քարոզչություն տանելը։ Սա ամենից լավ ցուցանիշն է, թե ինչ է կատարվել այդ դաշտում»,- ասաց երկրորդ նախագահը։
Նա պատասխանեց նաև մանդատները վերցնել-չվերցնելու հարցին՝ նշելով․ լուրջ քննարկում է գնում, բայց վերջնական որոշում չկա․ «Երեկ քննարկումն էինք նաև այստեղ, և Սեյրան Օհանյանը հետաքրքիր համեմատություն բերեց․ ասաց, որ մարտական գործողությունների ժամանակ ամբողջական խնդիրը եթե չի լուծվում, բայց վերցնում ես խրամատներ, պետք է դրանք ամրացնես՝ հետագա գրոհի համար։ Հիմա պատերազմ չէ, գուցե այդ համեմատությունը ավելի մեղմ տերմիններով բերենք։ Մենք ստացել ենք մեր պայքարը շարունակելու համար լուրջ, նոր հնարավորություններ»։