Հուն 14, 2021

Ռ. Քոչարյան. Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի

«Լավ աշխատող կառավարությունն այն կառավարությունն է, որի մասին մարդիկ չեն էլ լսում»,- Էջմիածնում քարոզարշավի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։

«Եթե քաղաքացուն անհրաժեշտ ամեն ինչ կա և տեղում է, ինչի՞ համար նա պետք է կառավարության տեղն իմանա։ Վերջին երեք տարվա ընթացքում կառավարության շենքի դիմաց այնքան ցույցեր եղան, կարծես մեզ ամեն օր ասեին՝ կառավարություն կա, կառավարություն կա։

Ամենալավ կառավարությունն այն կառավարությունն է, որին մարդիկ ամեն օր չեն նկատում։ Իսկ ամեն օր նկատելը նշանակում է, որ նա ամեն օր խնդիր է ստեղծում, որի պատճառով մարդիկ սկսում են հիշել, որ կա մարմին, որի այս կամ այն գործառույթը չի կատարվում։

Ժամացույցի պես աշխատող պետական համակարգը պետք է աննկատ լինի, բայց ձեր կյանքում նրա արած գործն ամեն օր պետք է տեսնեք՝ ձեր կյանքի որակի բարելավման առումով։ Ցավոք, այս քաղաքական թիմի անճարությունը բերեց նաև ողբերգության, պատերազմի, կորուստների։

Մենք ասում ենք, որ մեր թիմը պատրաստ է կանգնեցնել այս գահավիժումը, վերականգնել երկրի կառավարելիությունը և զբաղվել ձեր հոգսերով»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։