Ռոբերտ Քոչարյան․ Երբ մարդ ասելիք չի ունենում, հակառակորդի վրա կեղտ լցնելը դառնում է նրա միակ գործիքը
«Յուրաքանչյուր ընտրություն իշխանության համար այն պահն է, երբ նա պետք է ներկայացնի կատարած աշխատանքը, ինչ ցուցանիշների են հասել, որքանո՞վ է բարելավվել մարդկանց կյանքը, որքանո՞վ են լուծվել երկրի անվտանգության հարցերը։ Իսկ ընդդիմության համար սա այն պահն է, երբ նա կարող է մատնանշել իշխանության սխալները, համոզել ժողովրդին ճիշտ ընտրություն կատարելու համար»,- հունիսի 4-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանի քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։
«Ինչպե՞ս պետք է այս իշխանությունը համոզի մարդկանց, որ նրանց կյանքը բարելավվել է, որ երկիրն ավելի անվտանգ է, որ տնտեսությունը զարգանում է։ Մեր երկրում իրականում բոլոր ցուցանիշներն անկում են ապրել, բացի երկու ցուցանիշից՝ աղքատության մակարդակն է աճել և գերեզմանների թիվը։ Համոզված եմ, որ բոլորդ մեծ հույսեր էիք կապում։ Ի՞նչ է անում հիմա այս իշխանությունը։ Փորձում են կիրառել տարբեր հնարքներ՝ հակառակորդի վրա կեղտ լցնելու համար։ Երբ մարդ ասելիք չի ունենում, սա դառնում է նրա միակ գործիքը», - նշել է նախագահը։
Իր հերթին «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանն ավելացրել է, որ ընդամենը երկու օրից մեկնարկում է քարոզարշավը, և անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանի բնակչության գերակշիռ մասը գիտակից մարդիկ են։