Հուլ 01, 2021

Ռոբերտ Քոչարյան․ Սա եղել է իռացիոնալ քվերակություն, և այս քվեարկությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի ելույթը՝ դաշինքի առաջին ընդհանուր ժողովում․

«Բարի երեկո, հարգելի հայրենակիցներ, թիմակիցներ, տիկնայք և պարոնայք:

Այսօր երեքշաբթի է․ ես մեկ անգամ ասել եմ, որ երեքշաբթին իմ օրացույցից ջնջել եմ, քանի որ այն դատարանի օր է։ Բայց այսօր օրը լավն է, քանի որ դատական նիստը շատ կարճ էր, և այօր հնարավորություն կար հանդիպելու ձեզ հետ: Շատ ինտենսիվ շփումներ ենք ունեցել վերջին մեկ ամսվա ընթացքում, իսկ վերջին երկու շաբաթը՝ քարոզարշավի հատվածը նկատի ունեմ, այնպիսի մարաթոն էր․․․ Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ 12 օր սպորտային դահլիճ չեմ մտել:

Այսօր առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել 270 հազար մեր քաղաքացիներին, որոնք վստահել են մեզ և մեզ են տվել իրենց քվեները: Մենք իսկապես շատ որակյալ ընտրազանգված ունենք, և ես հպարտ եմ, որ մենք արժանացել ենք այդ ընտրազանգվածի վստահությանը: Սա մեծ արժեք է, որ մենք պետք է գնահատենք: Ցանականում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, քանի որ դա կատարվել է ձեր շնորհիվ։ Չնայած մեծ ճնշումների, տարբեր կարգի սպառնալիքների, դուք ստանձնել եք այդ պատասխանատվությունը և կատարել եք:

Մի քանի խոսք՝ ընտրություննների մասին․

Ես իմ ելույթը կկառուցեմ թեզերի ձևով: Ավելի շատ փորձեմ զրույց ունենալ իմ թիմակիցների հետ: Արդյունքները անսպասելի էին մեզ համար, դա պետք է խոստովանեմ, մեր կանխատեսումները եղել են մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումները այլ պատկեր էին նկարագրում: Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և նրա, ինչ մենք տեսանք: Հնարավոր է այստեղ երկու տարբերակ․ մեկը՝ մարդիկ իրենց մտածածը ուղղակի  չեն ասում, թաքցնում են, ինչը ևս  վատ է պետության համար և  նշանակում է, որ  երկրում մթնոլորտն այնպիսին չէ, որ ազատ քաղաքացին արտահայտի իր կարծիքը, մտահոգություններ ունի կամ աշխատում է բյուջետային համակարգում կամ այլ վտանգներից խուսափելով չի ասում այն, ինչ ինքը մտածում է: Երկրորդը՝ ընտրություններին ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել: Ես չեմ ուզում մտնել կեղծիքների դաշտ, քանի որ Արամ Վարդևանյանն արդեն հնչեցրեց, որ մեր գնահատականներով, մոտավորապես 200 հազար ձայն կասկածելի է: ՀԻմա դիմելու ենք ՍԴ։ Արամ Վարդևանյանը բոլոր դրվագները չպատմեց, այնտեղ շատ ավելի հետաքրքիր բաներ կան, տեսնենք՝  ինչ զարգացումներ կունենանք ՍԴ-ում:

Հիմա այս ընտրությունների յուրահատկության մասին մի քանի խոսք: Ինչո՞վ էին այս ընտրությունները տարբերվում օրինակ՝ 2018թ-ի ընտրություններից: Այս իշխանությունը գնացել է ընտրությունների՝ չկատարելով ոչ մի խոստում, այդ նույն  իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի վիրավորներ և առողջ հասարակությունը այդպիսի արդյուքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը վերընտրվելու համար, ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը առողջ հասարակության մասին է:

Հաջորդ յուրահատկությունը՝ իշխանությունը չէր խոսում ընդհանրապես ապագա ծրագրերի մասին, և եթե նկատել եք, անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին, սա այն թեման էր, որը եղել է 2018թ-ի հիմնական թեմաներից մեկը: Կարգախոսը եղել է ապագայի մասին, բայց ելույթներում ապագայի մասին ոչինչ չկար․ սա փաստ է, որը պետք է արձանագրել:

Մյուս առանձնահատկությունը՝ իշխող քաղաքական թիմի հանդիպումները չեն ունեցել, անգամ մոտ չէին այն էներգետիկային, որոնք իրենք  ուենցել են 2018թ․-ին: Բազմամարդ չէին, չէին հավաքում մեծ բազմություն և մեր ամենից թույլ էներգետիկայով հանրահավաքը ավելի ուժեղ էր, ավելի հետաքրքիր էր, քան իրենց ամենաուժեղ հանրահավաքը․ սա ևս փաստ է:

Վերջապես՝ ամենակարևոր տարբերությունը. 2018թ-ին մարդիկ քվերակում էին մեծ հույսով ապագայի նկատմամբ, մեծ հույսով, որ կլինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրում և այդ վերելքի շահառուները հենց իրենք են լինելու՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի: Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էին: Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագան: Բոլոր հարցումները ցույց էին տալիս,որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն: «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել մեր քաղաքացիներին այդ հույսն ու ապագան: Մենք էինք այդ առաքելությունը  ստանձնել: Սա ևս  փաստ է: Մարդիկ չէին կարողանում բացատրել, թե ինչի համար էին ընտրում այս իշխանությանը: Սա եղել է իռացիոնալ քվերակություն, և այս քվեարկությունը կարիք ունի սոցիոլոգների բացատրության:

Պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել, ինչ մոտիվացիաներով, ինչն է դրդել այդ մարդկանց քվեարկել իշխող թիմի համար: Կա՛մ մենք ունենք հասարկություն, որը զրկված է ինքնապաշտպանական բնազդից և հայրենասիրությունից, կա՛մ այդ հասարկությունը շարունակում է մնալ խորը մոլորության մեջ։ Մոլորությունը վերաբերում է վարչապետի պաշտոնակատարի անձնական մեղքին՝ 5 հազար զոհերի, 10 հազար վիրավորների և հողերի կորստի առումով: Իմ կարծիքով, այստեղ ավելի շատ աշխատում է երկրորդ գործոնը․ ա՛յո, մեր հասարակության մի մասը այդ տեսանկյունից դեռ մոլորության մեջ է:

Հիմա մի քանի խոսք մեր ընտրողի մասին, «Հայաստան» դաշիքնին ձայն տված ընտրողի մասին: Էական, աչքի զարնող տարբերություն կա մեր ընտրողների և իշխանությանը ձայն տվողների միջև: Մեր ընտրողը միշտ բացահայտ ասել է,թե ինչու է նախընտրում «Հայաստան» դաշինքը, մեր ընտրողը կարողանում է փաստարկներ բերել, թե ինչու է գնում այդ ճանապարհով և կարողանում է համոզել նաև ուրիշներին և ինքն էլ համոզմունքով է քվերակում «Հայաստան» դաշինքի օգտին: Սա նշանակում է, որ մենք ունենք շատ կայուն, բանիմաց ընտրազանգված և սա պարտավորեցնում է մեզ մի հստակ վարքագիծ, որ մենք իրավունք չունենք  շեղվելու այն մոտեցումներից, որոնց մասին մենք խոսում էինք, մենք որդեգրել ենք և մենք չենք կարող դավաճանել այդ մարդկանց:

Մենք պետք է մանրակրկիտ ուսումնասիրենք, թե ինչ մոտիվացիաներ է ունեցել մեր ժողովուրդը այս քվերակության  ժամանակ: Ես ուսումնաիրել եմ բազմաթիվ մասնագետների կարծիքներ, հրապարակումներ, նաև ունեմ իմ դիտարկումները: Փորձեմ մի քանիսի վրա կանգ առնել. ակնհայտ էր, որ քվերակության վրա ազդել էր որոշակի սոցիալական հատկանիշով բևեռացումը մեր հասարկության մոտ: Սա փաստ է, սա վատ փաստ է, այդպես չպետք է լիներ, բայց այդ տրամադրությունը ստեղծվել է իշխանական թևի կողմից: Մենք պետք է անենք ամեն ինչ, որ այդպես ապագայում չլինի․ սա վտանգավոր բևեռացում է, դասակարգային հատկանիշով բևեռացում:

Հաջորդ պատճառն այսպիսի քվերակության. ստեղծվեց մտահոգություն, որ հները վերադառնում են: Կար քարոզչություն իշխանության կողմից, բայց սա ուժեղացավ, երբ երեք նախագահներն իրենց դեմքով մասնակցում էին քարոզարշավին, կամ ընտրություններին: Սա ևս փաստ է, մենք պետք է այս մասին անկեղծ խոսենք, քանի որ մենք թիմակիցներ ենք և թաքցնելու խնդիր չպետք է ունենանք:

Երրորդ պատճառն այսպիսի քվերակության հետևյալն է՝ յուրքանչյուր, հատկապես գյուղական բնակավայրերում ձևավորվում է ազդեցություն ունեցող, կամ քիչ ազդեցություն ունեցող մարդկանց կողմից ձևավորած միջավայր, ավելի պարզունակ հասարակություններում այդ միջավայրը ուժի ձևով է կիրառվում: Ավելի զարգացած հասարակությունում, ավելի շատ կրթվածության տեսակի համայքնային կյանքում ակտիվ մասնակցությամբ, բայց այնուամենայնիվ բոլոր հասարակություններում այդպիսի միջավայր ձևավորվում է: 2018թ-ին սա քանդվել է և նոր սկզբունքներով չի ձևավորվել: Կարծիք ձևավորողների բնական ինստիտուտը Հայաստանում լուրջ ճգնաժամի մեջ է․ սա փաստ է: Այն, որ փլուզվել է, կարծում եմ, բոլորս նկատել ենք, շատ հայտնի դեմքեր իրենց գյուղերում ջախջախիչ պարտություն են կրել:

Վերջապես չորրորդ պատճառն այսպիսի քվերակության. ժողովուրդը մեծ տեղեկատվական ճնշման է ենթարկեվել, և հատկապես կարծիք ձևավորողների բնական ինստիտուտը երբ փլուզվում է, այդ տեղեկատվական ճնշումը շատ ավելի ուժգին դառնում, քանի որ դիմադրողականությունը բավական թուլացած է հասարակության մոտ: Բերեմ օրինակներ, որոնք ուղղակի շշմեցնող են: Երբ մեր քարոզիչներն ու շտաբերի աշխատողներն ասում են, որ կան բազմաթիվ մարդիկ, որոնք համարում են, որ վարչապետին ուղղակի նախկինները պարտադրել են ստորագրել նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ հայտարությունը: Մարդկանց այդպիսի բացատրությոն են տալիս վարչապետին արդարացնելու համար, և կա զանգված, որ սրան հավատում է:

Ուրիշ օրինակ, որ բերում են մարդիկ. ասում են, որ եթե Քոչարյանը լավն է, ինչո՞ւ նկուղի դռները չի բացում և գերիների բաց չի թողնում: Կամ ասում են՝ եթե լավն է Քոչարյանը, ուրեմն ինչո՞ւ զատիկին բոլոր հավկիթները գնեց, և մենք հավկիթի դեֆիցիտ ունեցանք: Այդպիսի օրինակները շատ են: Սա ես համարում եմ տեղեկատվական ահաբեկչություն, ոչ թե իմ կամ «Հայաստան» դաշինքի նկատմամբ, այլ սա ահաբեկչություն է սեփական ժողովրդի և մարդկային բանականության նկատմամբ: Սա ևս փաստ է: Հավատալ որ մենք կարող ենք ունենալ պայծառ ապագա այսպիսի իրավիճակում, չափազանց կասկածելի է: Մեր խնդիրներից մեկը պետք է լինի ապագայում անել ամեն ինչ այս վիճակից հասարակության թեկուզ փոքր մասը հանելու համար:

Չնայած այս ամենին՝ մենք դարձել են խորհրդարանական ընդդիմություն և ունենք բավարար ձայներ մեր նպատակների մի մասն իրականացնելու համար: Համենայն դեպս, մենք ունենք բավարար ուժ՝ իշխանության անօրինականությունները սահմափակելու համար: Սա կարևոր գործիքակազմ է, և մենք սրան տեր ենք լինելու:

Փորձեմ ինքս ինձ տալ ևս մեկ հարց և այդ հարցին պատասխանել: Ի՞նչ հարց է լուծվել այս ընտրությունների ընթացքում։ Ընդհանրարպես, արտահերթ ընտրությունները  ներքաղաքական ճգնաժամն հաղթահարելու ընտրություններ են լինում, դա այդպես է:  Ներքաղաքական ճգնաժամը ստեղծվել է առաջին հերթին  պատերազմում պարտվելու, հողային կորուստներ ունենալու և բազմաթիվ մարդկային զոհեր ունենալու պատճառով: Հարցս հետևայլն է՝ իսկ այս ճգնաժամն այս ընտրություններով կարգավորվե՞լ է: Դե իհարկե՝ չէր կարող կարգավորվել, քանի որ նույն թիմը, որ պատճառ էր հանդիսացել ճգնաժամի, մնացել է իշխանության գլխին: Ըստ էության, ինչի համար կազմակերպվել էր այս արտահերթ ընտրությունները այդ նպատակին չեն ծառայել: Ճգնաժամի պատճառը չի հաղթահարվել:

Ի դեպ, այս ընտրություններին հաղթեր մասնկացած յուրաքանչյուր կուսակցություն, որը կապ չուներ այս պարտության հետ, եթե անգամ մեկ տոկոս ձայն հավաքած լիներ, ես կհամարեի ճգնաժամը հաղթահարված: Սա նշանակում է, որ մենք չենք ունենալու պատասխաններն այն հարցի, թե ինչու ենք մենք պարտվել: Ինչու ենք մենք 5 հազար զոհեր տվել։ Պատասխաններ չենք ստանալու, թե ինչպես մենք կորցրեցինք Շուշին ու Հադրութը, և այն կասկածները 5 մլրդ-ը՝ Ղարաբաղի դիմաց գործարքի մասին, մեր հասարակության մոտ մնալու են անհասկանալի: Այս բոլոր հարցերի բացակայության դեպքում կարո՞ղ ենք Հայաստանում ապրել համերաշխ, ներքաղաքական կայունության պայմաններում: Կարո՞ղ ենք։ Ո'չ, ոչ, ոչ։ Սա իմ համոզմունքն է: Ըստ էության, մենք շարունակում ենք մնալ ճգնաժամի մեջ, և «Հայաստան» դաշինքն այն քաղաքական ուժն է, որը պայքարելու է այս ճգնաժամը հաղթահարելու համար:

Ի՞նչ կարող է անել իշխանությունը, ի՞նչ կարգի քայլեր: Կա երկու ճանապարհ․ շարունակում է անել այն, ինչ անում է մինչ այսօր: Հետապնդումներ անել, քայլեր անել, որոնք ավելի շատ հետաքրիքր են Անկարայի և Բաքվի համար, և որոնք բխում են նրանց շահերից, ոչ թե Հայաստանի: Կա ուրիշ ճանապարհ՝ դասեր քաղել այս ամենից և կտրականապես փոխել քաղաքականությունը: Այս հնարավորությունն իրենք ունեին, բայց ակնհայտ է, որ իրենք ընտրել են առաջին ճանապարհը՝ շարունակում են այն, ինչ անում էին և որևէ հույս չկա, որ իրենք փոխելու են իրեն մետեցումը։ Դա իրենց տեսակն է ուղղակի:

Ի՞նչ ենք անելու մենք: Ակնհայտ է, որ այս իշխանությունը, չփոխելով իր աշխատաոճը ու չթարմացնելով իր կադրային բանկը, չի կարող արդյունավետ զբաղվել երկրի խնդիրներով: Իրենք այդպես էլ չհասկացան, որ իրենց աշխատանքի ոճն ու աշխարհայացքն է եղել այս խնդիրների պատճառը: Իրենք չարացած են, շարունակելու են նոր հետապնդումները։ Համոզված եմ, որ դա անխուսափելիորեն բերելու են նոր արտահերթ ընտրությունների: 2018թ-ից հետո արտահերթ ընտրությունները եղել են երկուսուկես տարի անց: Այս իշխանությունը խնդիրներ լուծող չէ, այլ ստեղծող: Իմ կանխատեսումներով, մենք խորհրդարանական արտահերթ ընտրություններ ունենալու ենք մեկուկես տարի հետո, հասունանալու է այդ պահանջը:

Ի՞նչ ենք մենք անելու: Մենք հանգիստ չենք թողնելու այն իշխանության, որը պատճառ դարձավ մեր պարտությանը, 5 հազար զոհերին, Հադրութի ու Շուշիի կորստին: Առաջին հերթին հանգիստ չենք թողնելու նրա համար, որ իրենք այդպես էլ չհասկացան ու չընդունեցին իրենց մեղքը: Մենք ցույց ենք տալու, թե ով է մեղավոր և ինչպես է այս ամենը կատարվել, այս արհավիրքը ինչպես է կախվել մեր երկրի գլխին: Սա արհեստածին պատերազմ էր, մենք սա ապացուցելու ենք:

«Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է ՀՀ օրենսդրությունը:  Ավելին, մենք վերադարաձնելու ենք ժողովրդի հավատը դեպի խոհրդարանական ընդդիմությունը: Վերջին տարիներին խորհրդարանական ընդդիմությունը բազմաթիվ գործարքների էր գնում իշխանության հետ և  հավատը կորցրել է ժողովրդի մոտ: Այդ հավատի կորուստը մեծ է, և մենք այսօր ունենք այդ հավատը վերականգնելու մեծ պոտենցիալ: Դրա համար պետք է աշխատել օր ու գիշեր, լինել արմատական ընդդիմություն, պայքարել ժողովրդի շահերի համար, և մենք դա անելու ենք, վստա՛հ եղեք:

Մենք ցույց ենք տալու, որ այս իշխանությունը, որն ամենաշատն էր խոսում կոռուպցիայի  դեմ պայքարի մասին, ամենակոռումպացված իշխանությունն է ՀՀ-ում: Մենք դա ապացուցելու ենք: Մենք համատեղելու ենք խոհրդարանական աշխատանքը, պայքարը լրատվական դաշտում և փողոցում։ Մենք հիմա աշխատում ենք այդ ծրագրի վրա և այդպես է լինելու: Ամենակարևորը՝ մեր ներուժն ու հենարանը մեր ընտրազանգվածն է, որին մենք ձեռք ենք բերել այս ընթացքում: Մենք իրավունք չունենք անել մի բան, որն անվստահություն կառաջացնի նրանց մոտ: Սա՛ է մեր նպատակը։

Ես շատ ուրախ եմ, որ այս հնարավորությունն ունեցանք շփվելու: Պետք է մշակենք բանաձև մշտական շփումների։ Իհարկե՝ չգիտեմ ինչ ձևով, ուղղակի պետք դա ստեղծենք: Պատրաստ ենք աշխատանքային լուծումներ գտնելու համար դաշտ ստեղծել, նման հանդիպումները լինեն աշխտանքային և շարունակական: Ձեզ շնորհակալ եմ այս ամենի համար, սրտանց ուրախ եմ, որ դուք կաք։

Եվ ուրեմն՝ միասին դեպի ուժեղ Հայաստան: