Հուն 13, 2021

Յ․ Խաչատուրով․ Ոչ ոքի առաջ չենք ծնկելու, և սա պետք է լինի մեր կրեդոն

«90-ականների սկզբից մենք եղել ենք վստահ, համարձակ, ադրբեջանցին էր մեզանից վախենում, ոչ թե մենք՝ նրանից»,- «Հայաստան» դաշինքի՝ Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ՊՆ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը՝ հիշեցնելով 90-ականների սկզբին Նոյեմբերյանի շրջանում ունեցած միջադեպի մասին, երբ հայերը հայտնվել էին շրջափակման մեջ, բայց միահամուռ ուժերով հնարավոր եղավ բոլորին դուրս հանել։

Նրա խոսքով, հիմա վախեցնում են բնակչությանը, որ պատերազմ է սկսվելու։ «Չի սկսվելու, և առաջին հերթին մենք ենք, որ պատերազմ չենք ուզում, որովհետև մենք տեսել ենք դա, մենք գիտեք՝ ինչ է նշանակում արյուն թափել։ Իսկ նրանց համար, որ նույնիսկ բանակում չեն ծառայել, դա անհասկանալի է։ Նրանք չեն հասկանում, ինչ է նշանակում ընկեր կորցնել, նրանց համար միևնույն է, նրանք միայն կարող են խոսել։

Պետք է մեր մեջ ուժ գտնենք ու հայտարարենք, որ ոչ ոքի առաջ չենք ծնկելու, որ օրեցօր ավելի ենք ուժեղանալու և այս աշխարհում արժանապատիվ ենք ապրելու։ Սա՛ պետք է լինի մեր կրեդոն։ Ադրբեջանցին հիմա տեսնում է չոքած տղաներին, բայց կան նաև այս հզոր տղամարդիկ, ովքեր չեն վախենում հակառակորդից»,- ասաց Խաչատուրովը։